Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 21-րդ տարելիցն է

Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 21-րդ տարելիցն է

21 տարի առաջ,  հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայցությամբ տեղի ունեցած ոճրագործության հետեւանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը, 8 մարդ վիրավորվել էր, իսկ 91-ը՝ գերեվարվել։

Գերեվարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս են թողել։ Վիրավորված պատգամավորներին և կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։

Գերի մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։

Զինված անձինք էին Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը: Գործողությունների ղեկավարը Նաիրի Հունանյանն էր: Հետագայում նա ցուցմունք տվեց և հայտարարեց, թե ինքը պետական մակարդակով ահաբեկչական ծրագրեր է ունեցել 1991 թվականին, բայց հանգամանքների բերումով չի կարողացել իրագործել:

Ահաբեկչությունը իրականացրած անձանց դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ։ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման։ Բուն գործողությունը իրակացնողները 5-ն էին:

Վեց դատապարտյալները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:

Ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը: Վռամ Գալստյանն ըստ պաշտոնական վարկածի՝   2004 թ-ի ապրիլի 27-ին ինքնասպան է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը    մահացել է 2010թ-ի մայիսին՝ սրտի կաթվածից:

Գործով մեղադրյալներից Նորայր Եղիազարյանը մահացել է նախքան դատավճռի հրապարակումը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր խցում էլեկտրահարվելու հետևանքով:

Էդուարդ Գրիգորյանը մահացել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Ահաբեկչական խումբը մեղավոր էր ճանաչվել ՔՕ-ի 300 (Պետական իշխանությունը յուրացնելը), 305 (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը), 34-305 (Իշխանությունը յուրացնելու փորձ), 217 (Ահաբեկչություն), 133 (Ազատությունից ապօրինի զրկելը), 235 (Ապօրինի զենք ձեռք բերելը, իրացնելը, կրելը) հոդվածներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում