Պատվաստանյութ լինելու է․ Արսեն Թորոսյան
Վերակենդանացման բաժանմունքներում մահճակալները մեծամասաբ շարունակում են զբաղված մնալ։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա տեղեկացմամբ՝ առաջիկայում նոր հիվանդանոցներ են միանալու կորոնավիրուսի դեմ պայքարին։
Հարցին՝ իսկ ինչքան գումար է ծախսվում կորոնավիրուսով հիվանդին բուժելու համար, նախարարը պատասխանեց․ «1 ռեանիմացիոն պացիենտի համար մոտավորապես 1 մլն դրամ է ծախսվում»։
Առաջիկայում էլ թեստավորման ծավալները կավելացնեն։ Արսեն Թորոսյանի փոխանցմամբ՝ մոտ պագայում 4 նոր լաբորատորիա են բացելու՝ երկուսը Երեւանում, մեկական՝ Իջևանում և Մարտունիում:
«Կանխատեսում ենք, որ 1-2 շաբաթների ընթացքում, մեր հզորությունների ավելացմանը զուգընթաց, մենք միայն մեր պետական լաբորատորիաներում ներուժը կհասցնենք օրական 3 հազարի, և մասնավոր լաբորատորիաներն էլ գումարած հնարավոր է ունենանք մինչև 4 հազար թեստ: Սակայն պետք է հիշենք, որ թեստավորումն ընդամենը միջոց է հայտնաբերելու վարակակիրներին, որն ունի երկու նպատակ՝ թեթև պացիենտներին մեկուսացնելու, և բուժելու: Բուժման առումով կարող եմ ասել, բոլոր բուժման կարիք ունեցողներին բուժում ենք, բայց խնդիր ունենք ասիմպտոմ դեպքերը հայտնբերելու հարցում ևայստեղ թեստավորման ավելացումը կօգնի դրան: Մենք, երբ սկզբում 200-300 թեստ էինք անում, դա համարում էինք ահռելի թիվ, հիմա 2500-ը սովորական է դարձել»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստումներին՝ նախարարը նշեց, որ աշխարհում այս պահին մշակվում է մոտ 200 պատվաստանյութ, որոնցից մոտ 20-ը մեծ շանս ունեն դառնալու վերջնական պրոդուկտ:
«Փոխզիջումային մի իրավիճակ կա, և հանրային առողջապահության մասնագետները համարում են, որ պատվաստանյութ լինելու է: Այդ համոզումը շատ կարևոր է, սկզբում այդ համոզումը չկար: Դրա համար արդեն երկրները քննարկում են ապագա պատվաստանյութի գնման հարցերը: «Մոդերնա» ընկերության պատվաստանյութը ամենահավանական պրոդուկտերից մեկն է: Կան ավելի խոշոր արտադրողների կողմից պատվաստանյութերը: Այդ ընկերությունների հետ բանակցությունները գնում են, բայց դրանք շատ նախնական են»,-ասաց Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ պատվաստանյութի համար բանակցություններ ենք սկսել թե՛ արտադրողների, թե՛ հավաքական գնորդների հետ։
Առողջապահության նախարարությունում մտածում են արտակարգ դրությունից դուրս նույն կանոնները պահպանելու իրավական ռեժիմ ունենալու մասին։
«Այսինքն՝ արտակարգ դրությունը եթե դադարի, մենք հնարավորություն կունենանք օրենսդրական մակարդակով պարտադրել մեր ազգաբնակչությանը պահպանել կանոնները՝ դիմակների կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը, այլ կարգավորումներ տարբեր տնտեսվարող սուբյեկտների մոտ, ինչպես նաև դրանից բխող պատասխանատվության միջոցները, որովհետև այո, մենք էլ ենք հասկանում, որ հավերժ արտակարգ դրություն չի կարող լինել»,- ասաց նա։
Կարծիքներ