ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական միջոցների տրամադրման արգելափակման հարցը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական միջոցների տրամադրման արգելափակման հարցը

Ադրբեջանի կողմից վերջին տարիներին Հայաստանի սահմանային գոտում հարձակումներից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը մտադիր է քննարկել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին պաշտպանական միջոցների մատակարարումն արգելափակելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

«Քանի որ Ադրբեջանն ուժեղացնում է իր անդրսահմանային հարձակումը, այդ փոփոխությունները Կոնգրեսին հնարավորություն կտան դիմադրել և զսպել Ալիևի ագրեսիան»,- նշել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Համբարյանը նշել է, որ հարցի քվեարկությունը տեղի կունենա երկուշաբթի օրը:

Ներկայացված օրինագծով նախատեսվում է, որ ամերիկյան ոչ մի միջոց աջակցություն չի կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը այնքան ժամանակ, քանի դեռ նախագահը չի որոշել և Կոնգրեսին չի զեկուցել, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր շրջափակումներն ու ուժի կիրառման այլ նախահարձակ ձևերը դադարեցնելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:

Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտնել էր նա:

Հուլիսի 13-ի առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորվել է հայկական կողմի 3 զինծառայող և երկու ոտիկան, որոնցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հուլիսի 14-ի գիշերը ՀՀ  Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը  հայկական կողմից վարված կրակով կասեցվել է։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորում է բնակավայրերը։ Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ և 120մմ տրամաչափի ականանետից 3 արկ են են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները. տուժածներ չկան։

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում էին ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: Ավելի ուշ հակառակորդի արձակած կրակոցից զոհվել են նաև ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 15-ի ժամը 00:15-ից պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հուլիսի 14-ից, ժամը 22:20-23:00-ի սահմաններում հայկական ԶՈւ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում