ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձավ ձվի շուկայում տեղի ունեցող գործընթացներին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձավ ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումներին և նշեց, որ չի կարող նշել, թե երբ կնվազի դրա գինը, բայց «վարույթը չի կարող մեկ օրում տեղի ունենալ»: «Մենք որևէ կերպով չենք կարող ինտերվենցիա ունենալ: Ես չեմ կարող զանգել ձու արտադրողին ու ասել՝ գինը իջեցրեք կամ բարձրացրեք: Մեր գործառույթը հետևյալն է. եթե կա չարաշահում՝ վարույթ հարուցել: Համաչափության իրավունքը և նրանց իրավունքները ևս պետք է պաշտպանվեն:
Երկրորդ, հաշվի առնելով Զատիկը և քաղաքացիների լայն հետաքրքրությունը, մենք գործողություններ ենք իրականացրել, որոնք մեր մարմնի համար ստանդարտ չեն համարվում: Եվ ցանցերի հետ ենք խոսակցություն ունեցել, և ձու արտադրողների: Դրա արդյունքում որոշակի պաշար մտավ շուկա, ու գինը որոշակի չափով նվազեց»,-ասաց Գևորգյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
ՏՄՊՊՀ նախագահը նկատեց, որ նախորդ տարի ձվի շուկայում եղել է դեմպինգի դրսևորում, որը հակամրցակցային պայմանավորվածություն է, որի հետևանքով 104 մլն դրամի տուգանք է նշանակվել: «Եթե այս դեպքում էլ մեր վարկածներից որևէ մեկը հաստատվեց, պատասխանատվություն վրա կհասնի»,- ասաց նա:
Հայաստանում հավկիթի թանկացում արձանագրվեց փետրվարի վերջից. այն նախ սկսեցին վաճառել 70-80 դրամով, ապա մարտի վերջին շաբաթվա ընթացքում մեկ ձվի գինը հասավ 95-100 դրամի: Մի քանի օր արձանագրվեց ձվի դեֆիցիտ, այնուհետև շուկա մտավ որոշակի պաշար, սակայն գները սկսեցին տատանվել 90-125 դրամի սահմաններում, անգամ հայտարարվում էր, որ վաճառքը սահմանափակվելու է՝ մեկ անձը կկարողանա գնել 10-15 հատ: ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ: Վարչական վարույթ հարուցվել է «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Արզնու տոհմային ԹՏԽ», «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերությունների նկատմամբ:
Կարծիքներ