Մուսոլինիի թոռնուհին հաղթել է Հռոմի քաղաքային խորհրդի ընտրություններում
Իտալացի ֆաշիստ բռնապետ Բենիտո Մուսոլինիի թոռնուհին՝ Ռաքել Մուսոլինին, հաղթել է Հռոմի քաղաքային խորհրդի ընտրություններում՝ ստանալով ամենամեծ թվով ձայները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «Եվրոնյուսը»:
Ըստ աղբյուրի՝ 47-ամյա Ռաքել Մուսոլինին իր թեկնածությունն առաջադրել էր աջ-ծայրահեղական «Իտալիայի եղբայրներ» (Fratelli d'Italia) կուսակցությունից և ստացել է ավելի քան 8,200 քվե:Դուչեի թոռնուհին կդառնա Հռոմի քաղաքային խորհրդի պատգամավոր:
Այդուհանդերձ, Ռաքել Մուսոլինին, որը երկրորդ անգամ է ընտրվում քաղաքային պատգամավոր, պնդում է, որ իր ժողովրդականությունը կապ չունի իր ազգանվան հետ:
«Անձը ավելի կարևոր է, քան ազգանունը, ինչքան էլ որ այն ծանր լինի», - ասել է իտալացի պատգամավորը La Repubblica պարբերականին:
Բենիտո Մուսոլինին իտալական ֆաշիզմի հիմնադիրներից է: 1922-1943 թթ. նա եղել է Իտալիայի վարչապետն ու դիկտատորը և նացիստական Գերմանիայի առանցքային դաշնակիցներից մեկը:
Կարծիքներ