Կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն կտրվի արվեստի և մարզադպրոցների ուսուցիչներին և մարզիչներին

Հայաստանում կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն կտրվի արվեստի և մարզադպրոցների ուսուցիչներին և մարզիչներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստում «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ Կառավարությունը արտադպրոցական ոլորտում նախատեսում է ներդնել մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ։
«Արտադպրոցական հաստատությունների ցանցը դեռևս խորհրդային ժամանակահատվածում և այս պահին Հանրապետությունում ունենք. երաժշտական, արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության 240 դպրոց և կենտրոն կա, որոնցից 50-ը տեղակայված են Երևանում, 190-ը՝ մարզերում։ Եվ այդ դպրոցներում և կենտրոններում սովորում է շուրջ 50 հազար երեխա:
Բացի այդ, ունենք 174 սպորտային կազմակերպություններ, որտեղ մարզվել է ավելի քան 42 հազար երեխա։ Այս հաստատություններում ուսուցումը իրականացվում է նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլաններով, որով սահմանվում են համապատասխան բովանդակային չափորոշիչները»,- ասաց նախարարը։
Նախարարը տեղեկացրեց, որ երաժշտական, արվեստի, գեղարվեստի և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդում է 5099 ուսուցիչ, սպորտային կազմակերպություններում աշխատանք է իրականացնում 2100-ից մի փոքր ավել մարզիչ մանկավարժ։
«Ոլորտում կարիք ունենք օրենսդրական զգալի փոփոխությունների, որոնք կկարգավորեն քաղաքականությունը, մասնագիտական զարգացման ծրագրերը, ֆինանսավորմանը և այլն։
Այս փուլում հարմար ենք գտել անդրադառնալ մի քանի հրատապ հարցերի։ Մասնավորապես, «Կրթության մասին» օրենքի առաջարկվող փոփոխություններով նախատեսում ենք, որ մանկավարժներն ու մարզիչները կկարողանան անցնել կամավոր ատեստավորում և հաջող արդյունք ցուցաբերելու դեպքում ստանալ հավելավճար։
Այստեղ խնդիրը մի փոքր բարդ է, որովհետև արտադպրոցական կազմակերպությունների գերակշիռ մասը համայնքային են, և այստեղ վարձատրությունը խիստ տարբերվում է, ուստի նախատեսում ենք, որ պետական քաղաքականության միջոցով պետք է կարողանալ ավելի համահարթ մոտեցման տանել և, հետևաբար, պլանավորում ենք, որ հավելավճարները կլինեն ֆիքսված գումարների միջոցով»,- եզրափակեց Անդրեասյանը։
Կարծիքներ