2019-ին բանակցային գործընթացն աշխատանքային մակարդակում անվանում էի պատերազմական «կոնվեյեր». Փաշինյան

2019-ին բանակցային գործընթացն աշխատանքային մակարդակում անվանում էի պատերազմական «կոնվեյեր». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2019-ին բանակցային գործընթացի վերաբերյալ իր ընկալումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային ժողովի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստում «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը հարցրեց՝ վարչապետը 2019 թվականին տիրապետե՞լ է բանակցային գործընթացին այն ծավալով, որը ներկայացրել է քննիչ հանձնաժողովում, այսինքն՝ իր համար պա՞րզ է եղել, թե բանակցություններն ուր են գնում:

«Առաջին գործը, որ ես արել եմ  2018 թ, եղել է նախորդ շրջանի բանակցային գործընթացն ուսումնասիրելը»,-ասաց վարչապետը:

Իսկ թե արդյոք 2019-ին տիրապետե՞լ է՝ Փաշինյանը պատասխանեց՝ նայած 2019 թվականին որ օրը: Վարչապետը ներկայացրեց 2019-ի իր ըմբռնումը, որն այսօր էլ առկա է:

«2007թ. ունենք Մադրիդյան սկզբունքներ, դա առկա է եղել 2008-ին էլ, 2018-ին էլ: Ունենք 3 սկզբունք, 6 տարր հայտնի բանաձևը: Եվ այս երկուսի հիման վրա սկսվում է Կազանյան գործընթացը, համաձայնեցվում է փաստաթուղթ, որը հայկական կողմը ոչ ամենամեծ երջանկությամբ, բայց պատրաստ է ստորագրել, ադրբեջանական կողմը մերժում է, համաձայնեցված միջազգային ֆորմատով փաստաթղթի ստորագրումը մերժում է: Դրանից հետո Ադրբեջանը ոչ մի խնդիր չի ունենում, ընդհակառակը՝ շատ հաջողությամբ զենքի գնումներ է իրականացնում ոչ միայն ավանդական շուկաներից, այլ նաև՝ Կազանի հիմնական միջնորդից, որից հետո սկսվում է էսկալացիոն գործընթացը: Որից հետո տեղի է ունենում բանակցային բովանդակության փոփոխություն, որին հայկական կողմը բացասական է արձագանքում, որից հետո տեղի է ունենում պատերազմը, որը դե յուրե չի ավարտվում»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ այսինքն՝ բանակցային սեղանի շուրջ ներկա է սուբյեկտ, որը կարող է ասել «ոչ» և ձեռնարկել  ռազմական բնույթի գործողություններ, և դրա արդյունքում հակահարված չստանալ միջազգային հանրությունից, և բանակցային սեղանին նստած է երկրորդ սուբյեկտը, որը հենց որ որոշակի դժգոհություն է արտահայտում (որովհետև պաշտոնապես «ոչ» չի ասվել), նրա դեմ սկսվում է ռազմական գործողություն:

«Ահա այս իրավիճակում ինչպե՞ս վարել բանակցություններն, ըստ էության, այն նույն կետից, որ կետից սկսվել է 2007 թվականին: 2019 թվականին ես բանակցային այս գործընթացն աշխատանքային մակարդակում անվանում էի պատերազմական «կոնվեյեր»: Ես ասում էի, որ սա պատերազմական «կոնվեյեր» է, որովհետև տրամաբանությունն այն է՝ խաղաղությամբ, բանակցություններով տուր ինձ այն, ինչ ես ուզում եմ, այլապես այդ նույնը ես կստանամ պատերազմով: Սա է եղել իմ ընկալումը: Եվ իմ խնդիրը եղել է հետևյալը՝ փորձել հասկանալ, թե ի՞նչ գործոններ կան, որոնք կարող ենք այս «կոնվեյերը»  կանգնեցնել: Եվ այո, ես խոստովանում եմ, որ չեմ կարողացել այդ «կոնվեյերը» կանգնեցնել»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ 2019 թվականին դեկտեմբերի 31-ի դրությամբ իր ընկալումը նույնն է եղել, ինչ 2018-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ: Մի էական տարբերություն է եղել: Այն, ինչը ինքը 2018-ի դեկտեմբերին գիտեր բանավոր՝ իր շփումների և քննարկումների արդյունքում, 2019-ի դեկտեմբերին գիտեր գրավոր:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում