Մինչև հուլիսի 1-ը գյուղացիների հետ կկնքվեն պայմանագրեր. կսուբսիդավորվեն գյուղմթերքի մթերման վարկերը

Մինչև հուլիսի 1-ը գյուղացիների հետ կկնքվեն պայմանագրեր. կսուբսիդավորվեն գյուղմթերքի մթերման վարկերը

Կառավարությունն իր այսօրվա նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որը վերաբերում է գյուղմթերքի մթերման վարկերի սուբսիդավորմանը:

«Այս տարի ևս շարունակելու ենք սուբսիդավորել գյուղմթերքի մթերման վարկերը, սակայն այս տարի նշվում է կառավարության սուբսիդավորման չափը: Սահմանամերձ ընկերությունների համար 14 տոկոս է, իսկ ոչ սահմանամերձ ընկերությունների համար՝ 10 տոկոս»,- այս մասին հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Բացի այդ, հիմա մենք ասում ենք, որ սուբսիդավորելու ենք միայն այն վարկերը, որոնք վերաբերում են մինչև հունիսի 1-ը բանջարաբոստանային և այլ կուլտուրաներին: Մինչև հուլիսի 1-ը խաղողի մթերման պայմանագրեր կնքելուն: Վարկի վերին շեմը 4 մլրդ դրամ է»,-ասաց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ արդեն գործող վարկերի մասով արտահանողները որոշակի խնդիրներ ունեն. «Մարտին արտահանումների էական անկում ենք ունեցել: Դրա պատճառով արտահանողների մոտ դրամական հոսքերի խզում է առաջացել: Մենք այս որոշման կետերից մեկով թույլ ենք տալիս, որ բանկերը 6 ամսով լրացուցիչ արտոնյալ ժամանակ տրամադրեն արտահանողներին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց. «Մենք ըստ էության, ասում ենք՝ մինչեւ հունիսի 1-ը, իսկ խաղողի մթերման դեպքում մինչեւ հուլիսի 1-ը գյուղացիների հետ կնքեք պայմանագիր: Սա նշանակում է, մթերողները որոշակի մրցակցության մեջ պետք է լինեն և գյուղացին հնարավորություն ունի, եթե մի մթերողն իրեն առաջարկում է X գնով և դա իրեն ձեռնտու չէ, կարող է փորձել այլ մթերողի հետ ավելի լավ գնով կնքել պայմանագիր: Պայմանագիրը երբ կա, գյուղացու համար կանխատեսելի է, թե ում, երբ, ինչքան մթերք պետք է մատակարարի և ինչքան պետք է ստանա»:

Փաշինյանի խոսքով՝ շատ ընկերություններ, որոնք դրամաշրջանառություն ունեն, իրենց պոտենցիալ գրավադրելու գույքն ամբողջությամբ գրավադրել են, բանկերում որևէ նոր բան չունեն գրավադրելու, որ նոր միջոցներ ներգրավեն ու ավելի մեծ ծավալով մթերումներ իրականացնեն: Դրա համար 50 տոկոս պետական երաշիքը առանց գրավի վարկ ստանալու հնարավորություն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում