Մենք «կոխելու» ՀԱՅՐԵՆԻՔ չունենք

Մենք  «կոխելու» ՀԱՅՐԵՆԻՔ չունենք

«Այսպես շարունակելու դեպքում մի քանի օրից կկորցնենք մեր պետականությունը…»

Սրանք, իհարկե, իմ խոսքերը չեն։ Այսպիսի հայտարարությամբ 2 օր առաջ հանդես է եկել Զարուհի Փոստանջյանը։ Պետականությունը կորցնելու իրական ու կշռադատված վա՞խ է, թե միտում գոնե պատերազմի օրերին վերականգնել ընդդիմադիրի նախկին կեցվածքն ու շոյել հեղափոխության օրերին վիրավորված ինքնասիրությունը։

Երևի կհիշեք 2018-ին` Նիկոլ Փաշինյանի ձերբակալության օրը, Փոստանջյանը, մոռանալով մինչ այդ հեղափոխությունը կասկածի տակ դնող ու փնովող ելույթները, փորձեց խոսել Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ, սակայն Աննա Հակոբյանը խոսափողը ձեռքից վերցրեց և ստիպեց նրան իջնել ամբիոնից։ Եթե չեք հիշում, ապա ասեմ, որ այս միջադեպից հետո նրա կողմից Փաշինյանին, Փաշինյանների ընտանիքին ու քաղաքական թիմին ուղղված քննադատությունները ծայրաստիճան ու ծայրահեղ դարձան։ Փոստանջյանը հանկարծ մոռացավ քաղաքական անցյալն ու ՀՀԿ-ի հետ նույն ցույցի շարքերում հայտնվեց, հետո դարձավ հողերն արդեն հանձնած լրատվամիջոցների դեմքը, հետո էլ մոռացավ իրավաբանական կրթությունը, քաղաքական գործչի իմիջը, հայ կնոջ բարեպաշտությունն ու ամենակարևորը՝ պատերազմական դրությունից ելնելով լռելու պարտականությունը, որոշեց, որ ստատուսներով պիտի փորձի երկիր պառակտել։

Քննադատել պատերազմից առաջ, պատերազմից հետո, բայց ոչ պատերազմի ժամանակ, երբ թշնամիդ մի ճակատով էլ կռվում է ներքին պառակտում սկսելու նպատակով։ Քննադատել՝ փոխելու, աճեցնելու, դարձի բերելու համար, բայց ոչ երբեք ոչնչացնելու։ Պատերազմում երկրիդ ու բանակիդ ունեցած փոքրիկ անհաջողությունները՝ անդառնալի ձախողումներ չորակել միայն նրա համար, որ իշխանության դեմ դիվիդենտներ հավաքվեն։ Թքած չունենալ մի ողջ ազգի հույզերի, մի ողջ սերնդի արյան, մի ողջ բանակի մարտունակության վրա, միայն որ բավարարվի անձնական շահը։ Իսկապես ժամանակը չէ․․․ Ժամանակը չէ կոչեր անել՝ «անահապաղ երկրի կառավարումը ժամանակավոր հանձնել ռազմական ղեկավարությանը»։

Ժամանակը չէ համոզել, որ «Աննան իր դերը գերազանց կատարել է, ղեկավարելով  ռազմական շտաբը` հանձնել է հարավն ու վերադարձել»:

Ժամանակը չէ հայրենիքի մասին խոսել փողոցային բառերով՝ մենք «կոխելու» ՀԱՅՐԵՆԻՔ չունենք։

«Իսկանդեռի ժամանակն է» հավանաբար տան խոհանոցից  հայտարարել է տիկին Փոստանջյանն ու դարձել մերօրյա Ձիվանագետ -ստրատեգներից մեկը։ Ու նա դեռ քննադատում է․․․։

«Ովքեր ասում էին Նիկոլը ի զորու է լինել գերագույն հրամանատար, թիկունքից խփում էին հենց Նիկոլին»,-ասում էիք դուք, տիկին Փոստանջյան։ Հիմա հարց տիկին Փոստանջյան, ու՞մ թիկունքից է խփում ռազմական դրության, բազմաթիվ անմեղ զոհերի, նյարդային ու գերհուզական այս պայմաններում երկրի ղեկավարի հրաժարականը պահանջող, Էրդողանի թելը թելող, խուճապ ու վախ տարածող քաղաքական գործիչը։ Ճիշտ եք՝ հայ ժողովրդի թիկունքից․․․

Ինչպես ասում է ձեր բազմահազարանոց լսարանից մի ադեկտվատ ու հավասարակշիռ  մարդ՝ Տիկին Փոստանջյան դաղձով թեյ խմեք, օգնում է։ Իսկ մենք առանց տուրք տալու ձեր բորբոքած կրքերին, կսպասենք մեր հաղթանակին։

Հաղթելու ենք

Հետևեք մեզ նաև Տելեգրամում