«Երևան իմ սեր» հիմնադրամը նոր ծրագիր է սկսել Արցախից տեղափոխված երեխաների համար
«Երևան իմ սեր» հիմնադրամն իր նոր նախաձեռնության շրջանակում հոգեբանական աջակցություն է տրամադրում Արցախում պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխված երեխաներին:
«Հիմնադրամը տեղեկացնում է, որ ռազմական գործողությունների տարածքում գտնվող երեխաներն առավել խոցելի են ու անպաշտպան, ուստի նրանց հոգեբանական աջակցության ցուցաբերումն այս օրերին ավելի քան կարևոր է դառնում:
«Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, տեղեկացանք, որ Արցախից զգալի թվով երեխաներ են Հայաստան տեղափոխվում մայրերի կամ խնամակալների հետ: Անմիջապես փորձեցինք հասկանալ, թե ինչպես է հնարավոր լավագույնս օգտագործել մեր ռեսուրսներն ու օգտակար լինել նրանց: Հասկանալով, որ երեխաների մոտ կարող են լինել վախի, տագնապի զգացումներ, որոշեցինք հատուկ եռօրյա ծրագիր մշակել, որի շնորհիվ մեր մասնագետները՝ հոգեբանները, երաժշտական և արտթերապիստները կօգնեն երեխաներին դուրս գալու ընկճված վիճակից»,- նշում է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Հրայր Ղամբարյանը:
Ծրագրի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 9-ին: Առաջին փուլին մասնակցել է 4-16 տարեկան շուրջ 80 երեխա, որոնք բաժանվում են երեք տարիքային խմբերի:
Հրայր Ղամբարյանը ընդգծում է, որ ծրագրի իրականացման գործում իրենց աջակցում են նաև մեծ թվով կամավորներ: «Անհրաժեշտ է, որ հենց ամենասկզբից երեխաները ձերբազատվեն պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած սթրեսից, որպեսզի նրանց հետագա կյանքի վրա դա որևէ ազդեցություն, որևէ նստվածք չունենա»,- նշում է նա:
Թեպետ ծրագիրն ուղղված է եղել երեխաներին հոգեբանական աջակցություն տրամադրելուն, սակայն դրա առաջին օրերը ցույց են տվել, որ երեխաների ծնողները կամ խնամակալները ևս ունեն հոգեբանական աջակցության կարիք: Ելնելով դրա անհրաժեշտությունից, հիմնադրամի հոգեբանները աշխատանքներ են տանում նաև երեխաների ծնողների հետ:
«Երևան իմ սեր» հիմնադրամը երեխաների համար կազմակերպել է նաև երաժշտական ու թատերական միջոցառումներ: Ծրագրի հեղինակները նշում են, որ հիմնադրամի դռները բաց են պատերազմական գործողությունների հետևանքով հոգեբանական աջակցության կարիք ունեցող բոլոր երեխաների համար:
Կարծիքներ