Առայսօր հարյուրավոր բժիշկներ առողջապահության նախարարության ուղղորդմամբ մեկնել են առաջնագիծ. Արտյոմ Սմբատյան
Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի առաջին իսկ ժամերից սկսած առողջապահության նախարարությունը և ամբողջ առողջապահական համակարգը լծվել է ծառայելու մեր հայրենիքի պաշտպաններին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Այսպես. սեպտեմբերի 27-ի առավոտյան ՀՀ սահմանամերձ համապատասխան ուղղություններով գործարկվել է վիրավորների տարհանման համակարգը ներառյալ համապատասխան ուղղություններով տեղակայված բժշկական կազմակերպություններում և Արցախի Հանրապետությունում տասնյակ շտապ օգնության մեքենաների տեղակայումը, որոնց միջոցով աննախադեպ արագությամբ և օպերատիվությամբ իրականացվել է բազմաթիվ վիրավորների տեղափոխում` դեպի մայրաքաղաքի և այլ վայրերի բազմաթիվ բժշկական հաստատություններ:
Առայսօր հարյուրավոր բժիշկներ առողջապահության նախարարության ուղղորդմամբ մեկնել են առաջնագիծ և այլ հիվանդանոցներ` ծառայելու Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին: Հարյուրավոր բժիշկներ այս պահին հերթագրված են և բառիս բուն իմաստով անհամբեր սպասում են համապատասխան հրահանգի` մեկնելու առաջնագիծ և այնտեղ մատուցելու իրենց ծառայությունները:
Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմի աշխատակիցները սեպտեմբերի 27-ին մեկնել են Արցախի Հանրապետություն և վիրավորների տարհանման համակարգի համապատասխան վայրեր` տեղում համակարգելու վիրավորների բժշկական օգնության, սպասարկման և տարհանման աշխատանքները: Բոլոր վերոհիշյալ վայրերը ապահովվել են անհրաժեշտ դեղորայքով, բժշկական պարագաներով, բժշկական սարքավորումներով:
Երևանում տեղակայված բոլոր հիվանդանոցները առաջին իսկ օրվանից ընդունում են վիրավորներին և իրականացնում են նրանց որակյալ բժշկական օգնությունը:
Այսօր, հաշված ժամերի ընթացքում, առողջապահության նախարարության կողմից մարզային հիվանդանոցներից մեկը ծավալվել է որպես թիկունքային հոսպիտալ: Ծավալումը իրականացվել է համապատասխան մարզպետարանի և պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ընդամենը 4 ժամվա ընթացքում ներդրվել է համապատասխան ուղղությունից դեպի թիկունքային հոսպիտալ տեղափոխման և հետագա դուրսգրման սխեման, ծավալված հոսպիտալը ապահովվել է անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, տարանջատվել են քաղաքացիական պացիենտների և վիրավորների հոսքերը, ապահովվել է հաստատության անվտանգությունը` ոստիկանության ուժերով: Թիկունքային հոսպիտալը համալրվել է շտապ բժշկական օգնության լրացուցիչ մեքենաներով: Այն արդեն իսկ գործում է և սպասարկում է մեր հերոսներին:
Անխափան գործում է արյան բաղադրամասերի ապահովման ծառայությունը:
Բոլոր գերատեսչությունները` պաշտպանության նախարարությունը, մարզպետարանները և այլոք 24 ժամյա պատրաստակամությամբ ջանք չեն խնայում հայրենիքի պաշտպաններին փրկելու գործում:
«Զինվո՛ր, քո թիկունքը ամուր է և պինդ, քան երբևէ: Դու ծառայում ես Հայրենիքին, մենք ծառայում ենք Քեզ»,-գրել է նա:
Կարծիքներ