Հայկ Մամիջանյանը հավաստիացնում է՝ եթե հարկ լինի, Երևանը կփոխեն արյամբ
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում բացահայտ կերպով հայտարարեց, որ, եթե հարկ լինի, ընդդիմությունը արյամբ էլ կփոխի Երևանը։
Վերջինս հավաստիացրեց, որ դրա համար անելու են ամեն ինչ։
«Երևանը փոխվելու է մեր բոլորի, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ։ Վստահեցնում եմ, որ այն, ինչ մենք պարտավոր ենք անել, անում ենք և ուրախ կլինենք, որ մեր կողքին կանգնեն մեր հայրենասեր քույրերն ու եղբայրները, այլընտրանք չկա»,- ասաց նա։
Հարցին՝ արդյոք այս հայտարարությունը չի՞ դիտարկվի որպես բռնության կոչ, Մամիջանյանը կրկնեց․ «Եթե Փաշինյանն անմտություն անի և նորից, ինչպես անցած տարվա հունիսին, խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառի հատուկ միջոցներ, այսինքն՝ կրակ բացի, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։ Բայց ես վստահ եմ, որ հայրենիքի գոյությունը, ապագան արժանի է ցանկացած զոհուղության»:
Ընդդիմության ներկայացուցիչն ասաց, որ պետք է սպասել մի քանի ժամ, իսկ ցանկացած տեղեկատվություն, որը կտրամադրվի, կվնասի իրենց գործողությունների հաջողացմանը։
Կարծիքներ