Ադրբեջանական սոցմեդիայում կազմակերպվում են հայասպանությունը, դաժանությունը խրախուսող հարցումներ. Արման Թաթոյան

Ադրբեջանական սոցմեդիայում կազմակերպվում են հայասպանությունը, դաժանությունը խրախուսող հարցումներ. Արման Թաթոյան

Ադրբեջանական սոցիալական մեդիայի տիրույթներում կազմակերպվում են հայասպանությունը, դաժանությունը խրախուսող խրախճանքներ, հարցումներ, իսկ հետո էլ բոլորով երջանկանում ու հպարտանում են կատարած վայրագությունների համար, խրախուսում հայատյացության այլ դրսևորումներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը եւ գրառմանը կից իր ասածը հավաստող տեսանյութ եւ լուսանկար հրապարակել:

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ձեռք է բերել ապացույցներ, որոնք հաստատում են այս ամենը:

Օրինակ՝ ադրբեջանական սոցիալական ցանցի այս էջում տեղադրված է գլխատված մարմնի լուսանկար, հայտարարված է, թե խոսքը վերաբերում է հայ զինծառայողի ու կազմակերպված է քվեարկություն՝ բացառիկ ցինիզմով ու ատելություն բորբոքելու մտադրությամբ։ Կից նյութերով դա հստակ երևում է (հարցումը բնօրինակով ու թարգմանությունը)

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այս ամենը փաստագրել է և սահմանված կարգով կներկայացնի միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում