Որպես ՀՀ նախագահ, անչափ ուրախ եմ Ձեր մեծ հաջողության համար. Արմեն Սարգսյանի ուղերձը գիտնական Արտեմ Փաթափությանին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայազգի գիտնական Արտեմ Փաթափությանին՝ բժշկության կամ ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, որում ասված է.
«Հարգելի պարոն Արտեմ Փաթափության,
Սիրելի հայրենակից,
Ուրախությամբ տեղեկացա, որ Ձեր գործընկերոջ` դոկտոր Դեյվիդ Ջուլիուսի հետ միասին արժանացել եք բժշկության կամ ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան այս տարվա մրցանակին:
Որպես հայ և Հայաստանի Հանրապետության նախագահ, անչափ ուրախ եմ Ձեր այդ մեծ հաջողության համար, որը, կարծում եմ, մենք բոլորս համարում ենք նաև մեր ազգի մեծագույն նվաճումներից մեկը:
Միաժամանակ, որպես նախկին գիտնական, խորապես հասկանում եմ Ձեր ջանքերի ու քրտնաջան աշխատանքի ծանրությունը, որի շնորհիվ, Ձեր մեծ տաղանդի հետ համադրումով, համաշխարհային գիտությունը հարստացել է ևս մեկ ձեռքբերումներով:
Շնորհավորելով և ջերմ բարեմաղթանքներս հղելով Ձեզ՝ ակնկալում եմ, սիրելի Արտեմ, ամենամոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում»:
Հիշեցնենք, որ Նոբելյան կոմիտեն բժշկագիտության բնագավառում 2021 թվականին մրցանակը շնորհել Է գիտնականներ Դեւիդ Ջուլիուսին եւ Արդեմ Պատապուտյանին, որոնք ուսումնասիրել են, թե ինչպես են կենդանի օրգանիզմները զգում ջերմությունը։
Կարծիքներ