Ռուս սահմանապահները Հայաստանի հարավային սահմանին. ինչպե՞ս են վերաբերվում սյունեցիները
Փաշինյանը հաստատում է սահմանապահների՝ հարավային սահմանին տեղակայման փաստը
Հոկտեմբերի 28-ին Իսպանական EFE լրատվական գործակալության լրագրող Պաբլո Գոնսալեսը Թվիթերի իր էջում հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ օրեր առաջ արված իր հարցազրույցից հատված, որում Հայաստանի ղեկավարը հաստատել էր, որ ՀՀ հարավային սահմանին ռուսական զորքեր կան:
«Դա նորություն չէ։ Ռուս սահմանապահները միշտ կանգնած են Հայաստանի, Իրանի և Թուրքիայի սահմանին։ Եվ հիմա, երբ իրավիճակը զարգանում է, նրանք տեղակայվել են նաև հարավ-արևելյան և հարավ-արևմտյան հատվածում (Լեռնային Ղարաբաղ, - ընդգծել է իսպանացի լրագրողը)։ Ուղիղ պաշտպանությունից բացի դա նաև զսպող նշանակություն ունի, եթե Ադրբեջանը նպատակ ունի Նախիջևանի հետ միջանցք բացել», - հայտարարել էր Փաշինյանը:
Ի՞նչ առաքելություն են իրականացնում ռուս սահմանապահները և ո՞ր ժամանակներից
Ռուս սահամանապահ զորքերը Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանին տեղակայված են դեռևս 1992թ.-ից: Հենց այդ ժամանակ Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «ՀՀ տարածքում գտնվող ռուս սահմանապահ զորքերի կարգավիճակի և նրանց կենսագործունեության մասին» պայմանագիրը:
Ըստ պայմանագրի 2-րդ կետի՝ ՀՀ-ն՝ ի շահ իր, ՌԴ և ԱՊՀ երկների անվտագության՝ իր տարածքում Թուքրիայի և Իրանի հետ պետական սահմանի պահպանությունը լիազորում է ՌԴ սահմանապահ զորքերին:
Այժմ, երբ անմիջական վտանգ կա նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի նկատմամբ, ռուս սահմանապահ զորքերը տեղակայվել են նաև երկրի հարավային սահմանին, ինչը, ինչպես Փաշինյանն է պնդում, զարմանալի չէ:
Ինչպե՞ս են վերաբերում սյունեցիները
Freenews.am-ը սյունեցիներից հետաքրքրվեց, թե ինչպես են վերաբերում ռուս սահմանապահների Սյունիքի սահմաններում տեղակայվելուն, արդյոք անվտանգ է դարձնում վերջիններիս ներկայությունը, ապահով են զգում իրենց ավելի։ Ստորև ներկայացնում ենք հավաքագրված մի քանի պատասխաններ։
«Եթե խաղաղությունն ապահովելու համար է, եթե Ադրբեջանի և Թուրքիայի համար ռուս սահմանապահների հանգամանքը զսպող հանգամանք է հանդիսանում, ապա միանշանակ կողմ ենք»։
«Իհարկե ոչ Հայոց բանակը պետք է լինի միակ սահմանապահը»։
«Դեմ եմ օտարազգի սահմանապահներին մեր հայրենիքում տեղակայվելուն և կապ չունի Արցախում, թե Սյունիքում։ Ապահով եմ զգում հայ զինվորներով»։
Կարծիքներ