Ենթադրում եմ՝ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այսպիսի գործողություն իրականացնել. Նիկոլ Փաշինյան

Ենթադրում եմ՝ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այսպիսի գործողություն իրականացնել. Նիկոլ Փաշինյան

Մինչ այժմ ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չի արտահայտել, որ Ադրբեջանը զորքերը պետք է Հայաստանի տարածքից հետ քաշի. այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ընդգծեց՝ աշխատանքային մակարդակում  այդ դիրքորոշումը արտահայտվում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտվում:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին ի պատասխան ներկայացնելով սահմանին իրավիճակը ադրբեջանական զորքերի ՀՀ տարածք ներթափանցելուց հետո, Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն էր եւ ինչպես նախկինում հայտարարել էր Ադրբեջանի նախագահը՝ ուժի գործադրմամբ միջանցք ստեղծելը: Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ սա էր պատճառը, որ ՀՀ-ն որոշեց դիմել ՀԱՊԿ-ին: 

«Շատ է խոսվում այն մասին, որ հայ բանակը գործողություն չի անում, այլ դիմում է ՀԱՊԿ-ին. ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հենց ՀԱՊԿ-ն եւ այդ կազմակերպության անդամ մեր գործընկեր երկրներն են, որ Հայաստանին հորդորել են չգնալ ռազմական ճանապարհով այս իրավիճակի հանգուցալուծման: Եվ հետեւաբար, տվյալ դեպքում ՀԱՊԿ-ում ՀՀ-ն ոչ թե հանդես է գալիս որպես խնդրարկու, այլ դա մի գործիք է, որ այդ բոլոր երկրները միասին ստեղծել են՝ նմանատիպ իրավիճակներում օգտագործելու համար: Ես անընդհատ ուզում եմ մի պատկերավոր օրինակ ձեւակերպել, ավելի հարմար օրինակ չեմ գտնում. մի իրավիճակ է, ենթադրենք, համախմբվել են եւ որոշել են ստեղծել օդորակիչ, եւ երբ որ շոգ է, էդ օդորակիչը միացնում են, ոնց որ ասեն ինչի՞ պատուհանները չեք բացում, որ «սկվազնյակ» լինի, այլ օդորակիչն եք միացնում: Էդ գործիքը հենց դրա համար է ստեղծված:  ՀԱՊԿ մասին 2-րդ հոդվածում խոսք է գնում, որ երբ որ կա սպառնալիք՝ այդ գործիքը սկսում է գործել: Ընդ որում կա ճգնաժամային իրավիճակներում արձագանքման կարգ, որը նույնպես հստակ սահմանել է, թե ինչ պետք է տեղի ունենա: Եվ հետեւաբար Հայաստանի ռազմական բախման կամ լուծման չգնալը նաեւ նպատակ ունի ինքնաբերաբար ՀԱՊԿ երկրներին չներքաշել ռազմական լուծման մեջ, եւ սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ հարգելի գործընկերներ, եկեք քաղաքական ճանապարհով լուծենք այս հարցը, որովհետեւ դա հնարավոր է լուծել: Բայց ես էլի ուզում եմ ընդգծել, որ այս պահի դրությամբ իհարկե ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարոիմ , բայց մենք շարունակելու ենք հետեւողականորեն աշխատել այդ ուղղությամբ եւ մեր գործընկերների հետ հետագա պարզաբանման վերաբերյալ աշխատանքներ իրականացնել: Որովհետեւ էն նախնական մտահղացումը, որ իմ կարծիքով ունի Ադրբեջանը՝ էդ մտահղացումը այս պահի դրությամբ ես չեզոքացված չեմ համարում, որովհետեւ այդ մտահղացման վերաբերյալ մեր գործընկերները պետք է տեղեկացված լինեն եւ հստակ դիրքորոշում արտահայտեն»,- մանրամասնորեն ներկայացրեց Փաշինյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ը դեռ հրապարակային մակարդակով դիրքորոշում չի արտահայտել ադրբեջանական զորքերի ՀՀ տարածքից դուրս գալու մասին:

 

Խոսելով այն կարծիքների մաիսն, թե այս իրավիճակը մեր սահամաններում դեմարկացիայի եւ դելիմիտացիայի բացակայության արդյունք է, վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց. «Օրինակ ասվում է որ այդ հատվածում դեմարկացիա եւ դելիմիտացիա արված չի. նույն Ռուսաստանի եւ Ադրբեջանի սահմանները ամբողջական դեմարկացված եւ դելիմիտացված չեն, ի՞նչ է սա նշանակում: Մենք պետք է այս հարցերում հստակություն մտցնենք»:

Մարուքյանի հարցին պատասխանելով Փաշինյանը նաեւ այդրադարձավ այն հարցին, թե ինչու Հայաստանը չի դիիմում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ:

«Այս հարցը հենց առաջին օրերից էլ քննարկման առարկա եղել է, շարունակում է քննարկման առարկա լինել: Այնտեղ ուղղակի կա նրբություն, որ նման որոշումներ կայացնելիս պետք է որոշակի կանխատեսելիության տեսադաշտ ունենալ, այսպես ասած նախապատրաստական աշխատանքներ իրականացնել. մենք երբեք չենք բացառել եւ չենք էլ բացառում, որ կգնանք այդ ճանապարհով, եթե կպարզվի, որ ՀԱՊԿ-ում կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի պայմանագրի վերաբերյալ գործիքները բավարար չեն այս իրավիճակը եւ խնդիրը լուծելու համար»:

Մարուքյանը հարցրեց նաեւ, ի՞նչ փուլում է դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հանձնաժողով ստեղծեկլու վերաբերյալ փաստաթսւղթը, պատրաստվո՞ւմ է այն ստորագրել Փաշինյանը, դա ինչքանո՞վ է կապված  զորքերը հետ քաշելու քննարկման հետ:

«Չկա այդպիսի տարբերակ, որ մենք որեւէ փաստաթուղթ ստորագրենք՝ առանց զորքերի դուրս բերման: Մենք առաջարկել ենք երկու տարբերակ, ինչի վերաբերյալ ես այս ամբիոնից ասել եմ՝ կամ զորքերը դուրս են բերվում, որից հետո ստորագրվում է համաձայնեցված թուղթը կամ ստորագրված թղթի մեջ հստակ ձեւակերպվում է, թե քանի օրվա մեջ են դուրս գալիս, եւ ուր են գնում: Դեռ այն ժամանակ, երբ փաստաթուղթը չէր արտահոսել, մենք երկու գրավոր առաջարկ ենք ներկայացրել. 1. գերիների ամբողջական վերադարձի վերաբերյալ, 2. տվել ենք կոորդինատներ, թե Ադրբեջանի զորքերը որտեղ պետք է լինեն»,- պատասխանեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նաեւ ակնարկներ արեց՝ առանց անուններ տալու.

«Այո՛, Ադրբեջանը ըստ էության ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ նրա ագրեսիվ մտադրությունների վերաբերյալ պետք է տեղեկություններ ամենուր տարածվի, այդ թվում խորհրդարանական մակարդակով: Մեր բոլոր կապերը պետք է օգտագործենք՝ դա ի ցույց դնելու համար: Ես չգիտեմ, թե ում հետ է համաձայնեցված այս ծրագիրը, ենթադրում եմ, որ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այսպիսի գործողություն իրականացնել, եւ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ ոմանց հետ նախապես համաձայնեցվել է այս ծրագիրը: Բայց քանի որ կոնկրետություն չկա, մենք այդ ուղղություններով պետք է աշխատենք եւ երբ որ ունենանք հիմնավոր տեղեկություն, որ այ էս, էս, էս միջազգային սուբյեկտների հետ այս ծրագիրը համաձայնեցված է, նաեւ պետք է մեր ժողովրդին բաց հրապարակային ասենք, եւ գուցե թե մեր ժողովրդին բաց հրապարակային ասենք վերջին 3, 4, 5, 7, 8, գուցե 10 տարվա իրադարձությունների մասին: Ի վերջո շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ վերջին 10 տարվա ընթացքում»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Ըստ նրա, ինքը թույլատրելիից դեռ մի քիչ էլ ավել է այդ մասին տեղեկատվություն տվել ԱԺ ամբիոնից եւ ցանկացած մարդ այդ տեղեկությունները օգտագործելով կարող է ամբողջ պատկերը գծագրել:

«Բայց մենք շարունակում ենք աշխատել ՀԱՊԿ մեր գործընկերների հետ, առաջիկայում սպասվում է Պաշտպանության նախարարի այցը ՌԴ եւ մենք որոշ հարցերի պատասխան պետք է ստանանք եւ խորացնենք մեր համագործընկերությունը ՀԱՊԿ մեր գործընկերների եւ անվտանգային թիվ 1 դաշնակից ՌԴ հետ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում