Քննարկվել են «Սևան» ազգային պարկի տարածքում սոճիների հիվանդության հետ կապված խնդիրները
Շրջակա միջավայրի նախարարությունում կազմակերպվել է հերթական հանդիպումը՝ քննարկելու «Սևան» ազգային պարկի տարածքում սոճի (անտառային) տեսակի ծառերի մոտ հայտնաբերված հիվանդության հետ կապված խնդիրները։
Հանդիպմանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, «Սևան» ազգային պարկի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի, Գեղարքունիքի մարզպետարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի Ա․ Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի, Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի, «Անտառների կայուն կառավարում» ՀԿ-ի ներկայացուցիչներ։
Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի:
Այս պրոցեսներին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվում է նաև սոճիների բնականոն վերաճը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է ընթացիկ իրավիճակը, մասնավորապես՝ «Սևան» ազգային պարկի տարածքում հիվանդության արդյունքում չորացած ծառերի հաշվեգնահատման ցուցակը։
Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչները հայտնել են, որ նոյեմբեր ամսվա վերջին կստացվեն դեռևս ամռանը Ռուսաստանի Դաշնություն ուղարկված լաբորատոր փորձաքննության արդյունքները։
Քննարկման ավարտին հատկորոշվել են աշխատանքային խմբի հետագա անելիքները։
Կարծիքներ