Պատգամավորն անդրադարձավ նախագահի կողմից ԸՕ-ի փոփոխությունների նախագիծը չստորագրելուն
ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը կարծում է, որ ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը չստորագրելու առիթով նախագահի հիմնավորումները և Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված եզրակցությունը համահունչ չեն: Վարդանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Պատգամավորը նշեց, որ արդեն որերորդ անգամ ցավ է ապրում, որ նախագահը հրաժարվում է ստորագրել նախագիծ կամ այն ուղղում է ՍԴ՝ հավելելով, որ դա ևս, իհարկե, նախագահի սահմանադրական լիազորությունների տիրույթում է, և պետք է հարգել այդ մոտեցումը: «Սակայն պետք է ասեմ, որ այն հիմնավորումները, որոնք դրվել էին նախագահի հայտարարության մեջ, ըստ էության համահունչ չեն Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված եզրակացությանը»,- ասաց նա:
Վարդանյանը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը, թեև արձանագրում է, որ առկա է միջազգային սկզբունք, որ ընտրություններից առաջ չպետք է փոփոխվեն ընտրակարգին կամ ընտրական գործընթացներին էականորեն առնչվող կանոնակարգումները, այդուհանդերձ քաղաքացիական հասարակության ինստիտուտները, քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, կուսակցությունների մեծամասնությունը հայտնել են այն տեսակետը, որ ռեյտինգային ցուցակների վերացումը չափազանց կարևոր է: «Ընդգծվել է այն հանգամանքը, որ այս փոփոխություններն ըստ էության ոչ թե փոխում են ընտրակարգը, այլ պարզեցնում ու հստակեցնում են ընտրակարգը, և քաղաքական ուժերի վրա լրացուցիչ բեռ չեն դնում, այլ ընդհակառակը՝ թեթևացնում են ընտրական համակարգը: Եվ ելնելով դրանից՝ Վենետիկի հանձնաժողովը դրական արձագանքի է արժանացրել նաև այդ փոփոխությունները»,- ասաց Վարդանյանը:
Այսպիսով, նա նշեց, որ Վենետիկի հանձնաժողովն առնվազն այլ եզրակացության է եկել՝ ուսումնասիրելով փաստաթղթերը:
Ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը: Սակայն այն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո: Հանրապետության նախագահն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստորագրել օրենքը եւ չէր վիճարկել դրա սահմանադրականությունը, իսկ այդ ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը ՀՀ սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փոխանցվել էր ԱԺ նախագահին: ԱԺ-ի կողմից ապրիլի 1-ին ընդունված նախագծով նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները՝ ընտրությունների գնալով պարզ համամասնական ընտրակարգով: Ավելի վաղ ԱԺ-ն Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու համար ուղարկել էր Ընտրական օրենսգրքի փոփոխութունների մեծ փաթեթ: Ապրիլի 22-ին Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել էր իր կարծիքը:
Կարծիքներ