«Բիլայնի» շուրջ 300 աշխատակից դիմել է վարչապետին․ մտավախություն ունեն ընկերության վաճառքի դեպքում կորցնել աշխատանքը
«Բիլայն» ընկերության շուրջ 300 աշխատակիցներ գրավոր դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տեղեկացրել, որ դեմ են, որպեսզի «Բիլայնը» վաճառվի Հայկ և Ալեքսանդր Եսայանների «Թիմ» ՍՊԸ-ին: Այս մասին Factor.am-ին հայտնում են հեռահաղորդակցության ոլորտի մեր աղբյուրները, որոնք տրամադրել են նաև վարչապետին ուղղված «Բիլայնի» աշխատակիցների դիմումի էլեկտրոնային տարբերակը: Հիշեցնենք, որ հունիսի 8-ին հայտնի դարձավ, որ «Յուքոմ» ընկերության վեց տոկոսի բաժնետեր Եսայան եղբայրները մտադիր են գնել «Բիլայն» ապրանքանիշի ներկայացուցիչ «Վեոն Արմենիա» ընկերությունը։ «Վեոն Արմենիան» հունիսի 8-ին այս հարցով դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Վարչապետին դիմելու տեղեկությունների վերաբերյալ «Վեոն Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Նաիրա Նազարյանը փոխանցեց՝ կարող է միայն հաստատել, որ ղեկավարությունը նման նախաձեռնությամբ հանդես չի եկել: Իսկ աշխատակիցների դիմումի հետ կապված ասաց՝ մեկնաբանություն չունեն: Նշենք, որ «Բիլայնի» աշխատակիցները Փաշինյանին ուղղված 27 էջանոց նամակում որպես հիմնավորում ներկայացրել են այն, որ Եսայան եղբայրները «Բիլայնը» ձեռք բերելուց հետո աշխատանքի կտեղավորեն իրենց հետ «Յուքոմ» ընկերությունից հեռացած մոտ հինգ հարյուր աշխատակցի: «Բիլայնի» աշխատակիցները մտավախություն ունեն, որ գործազուրկ կդառնան կամ կզբաղեցնեն իրենց մասնագիտական որակներին ոչ համապատասխան պաշտոններ: Հիշեցնենք, որ Հայկ և Ալեքսանդր Եսայանները «Յուքոմից» հեռացան սեփականատերերի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, որոնց թվում է նաև ֆինանսների նախկին նախարար, այժմ կալանավորված Գագիկ Խաչատրյանի ընտանիքը: Ի դեպ, «Յուքոմ» ընկերությունը ևս ցանկանում էր գնել «Բիլայն» ընկերությունը, սակայն գործարքը տեղի չունեցավ: Այժմ Եսայան եղբայրները հիմնել են «Թիմ» ՍՊԸ-ն և ցանկանում են գնել «Բիլայնը»: Թեմայի շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև «Թիմ»-ի մարկետինգի բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանից: Հետաքրքրվեցինք՝ եթե տեղի ունենա վաճառքի գործարքը, ապա հնարավո՞ր է, որ չցանականան աշխատել «Բիլայնի» աշխատակիցների հետ: «Մենք միշտ կարևորել ենք մարդկային ռեսուրսը: Բացարձակապես չենք պատրաստվում գործից որևէ մեկին հանել: Մենք այդ մարդկանց մասնագիտական որակների կարիքը միշտ ունենք և մշտապես ունենալու ենք: «Բիլայնը» հսկայական ցանց է, որը պետք է կառավարել, չենք կարող մենք այդ պատասխանատվությունը մեր վրայից գցել»,- փոխանցեց նա:
Կարծիքներ