Կոտայքի և Գեղարքուրքունիքի մարզերը կանցնեն կրթական համընդհանուր ներառման համակարգի
Որ մարզերն են անցնելու համընդհանուր ներառման համակարգին այս ուստարի և որոնք են դրանք: Լինելու են արդյոք վերապատրաստումներ, ինչ կարգով են ընդունվելու ուսուցչի օգնականները և ովքեր կարող են դիմել: Այս հարցերին ֆեսյբուքյան իր էջում պատասխանել է ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։
«Այս ուստարի ՀՀ-ում ևս երկու մարզ կանցնի ներառական կրթության համակարգին: Դրանք են Կոտայքի և Գեղարքուրքունիքի մարզերը: Մինչ համընդհանուր ներառման անցնելը այս երկու մարզերում արդեն որոշակի թվով դպրոցներ իրականացնում էին հատուկ կարիքներով երեխաների կրթություն: Սեպտեմբերի 1-ից վերը նշված մարզերի բոլոր դպրոցները կանցնեն ներառական կրթության, իսկ մինչև 2023 թ.-ը ողջ հանրապետությունում կունենանք ամբողջական ներառում:
Վերապատրաստումները լինելու են պարտադիր, ցավոք դրանք դեռ կիրականացվեն հեռավար կարգով, հաշվի առնելով երկրում ԱԴ-ն և համավարակի իրողությունը: Դասընթացները կանցկացնեն թե տեղական հասարակական կազմակերպությունները, թե միջազգային կառույցների հայաստանյան մասնաճյուղերը, որոնք ունեն տվյալ ոլորտում մեծ փորձ և հիմնադրվել են հենց այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու նպատակով ու հիմքով: Ուսուցիչներին վաղուց ծանոթ են այս կազմակերպությունները՝ <<Հույսի կամուրջ>>, World vision- Հայաստան և այլն:
Ուսուցչի օգնականները կընդունվեն տվյալ հաստատությունում համապատասխան թվով ներառական համակարգի երեխաների ընդունման պարագայում՝ հայտարարության հիման վրա և պետք է ունենան մանկավարժական համապատասխան որակավորում:
Ուսուցչի օգնականն իրավունք չունի իրականացնելու տնային ուսուցում, քանի որ դասավանդումը ուսուցչի ուղիղ պարտականությունն է: Տնային ուսուցման իրականացման, ֆինանսավորման, մեթոդաբանության վերաբերյալ ողջ տեղեկությունը զետեղված է համապատասխան ենթաօրենսդրական ակտերում և այն վերանայման ենթակա չէ: Համընդհանուր ներառման նպատակն է որքան հնարավոր է շատ և որքան հնարավոր է շուտ հանրակրթության մեջ ներառել համապատասխան ուղեգիր ունեցող երեխաներին, հետևաբար տնային ուսուցումը պետք է դիտարկել այս համատեքստում և ոչ հակառակը»,- գրել է պատգամավորը:
Կարծիքներ