Թոքաբորբի դեմ պատվաստանյութը 40 տոկոսով նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը. հետազոտություն
Թոքաբորբի դեմ պատվաստանյութը 40 տոկոսով նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը: Այս պատվաստանյութը նպաստում է ուղեղը պաշտպանող իմունային համակարգի աշխատանքի ուժեղացմանը, հայտնում է The Daily Mail-ը:
Նոր հետազոտության արդյունքները ներկայացվել են Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի ասոցիացիայի ամենամյա միջազգային համաժողովում: Հետազոտությունն անցկացրել են Դյուկի համալսարանի գիտնականները, որոնք ուսումնասիրել են 65-ն անց մարդկանց բժշկական գրառումները եւ պարզել, որ թոքաբորբի դեմ իմունացումը մինչեւ 75 տարեկանը ուղեղի տարիքային հիվանդության հավանականությունը մեկ երրորդով նվազեցրել է:
Ավելին՝ ծերունական տկարամտության ժառանգական գործոններ չունեցող մարդկանց շրջանում Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը նվազել է40 տոկոսով:
«COVID-19 համավարակի ալիքի վրա պատվաստումը դուրս է գալիս հանրային առողջապահության առաջին պլան ,- ասում են հետազոտության հեղինակները: - Հենց այս պատճառով անչափ կարեւոր է հետազոտել ոչ միայն վիրուսների կամ բակտերիային ինֆեկցիաների դեմ հիմնական պաշտպանության անմիջական առավելությունները, այլեւ առողջության համար այս կամ այն պատվաստանյութի երկարաժամկետ հետեւանքները»:
Միայն ԱՄՆ-ում Ալցհեյմերի հիվանդությամբ է հիվանդ 65-ն անց մոտ 6 մլն մարդ, իսկ 2050 թվականին նրանց թիվը կհասնի 13,8 մլն-ի: Պացիենտների մոտ նկատվում է մտավոր գործունեության նվազում, վարքագծային եւ ֆիզիոլոգիական խանգարումներ, ավելին՝ այս հիվանդությունն անբուժելի է: Այն բնորոշվում է ուղեղում բետա ամիլոիդների եւ տաու սպիտակուցների կուտակումներով, որոնք աստիճանաբար ոչնչացնում են նեյրոնները, ինչն առաջացնում է հիշողության հատկանշական կորուստ եւ գիտակցության խառնաշփոթ, որը բացասաբար է ազդում մարդկանց կյանքի որակի վրա:
Կարծիքներ