Սա սարսափելի ցավ է. Արմեն Սարգսյանը հանդիպել է եվրոպացի լրագրողների հետ (տեսանյութ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է եվրոպացի մի խումբ լրագրողների հետ, որոնք վերջին օրերին գտնվում էին Արցախում: Նախագահը պատասխանել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ նրանց հարցերին:
Ի պատասխան այն հարցի, թե, տեսնելով այս ամենը, որպես երկրի նախագահ ի՞նչ զգացողություններ ունի, Արմեն Սարգսյանը նշել է, որ ցավը սարսափելի է: «Սա մեզ համար կրկնակի, եռակի ցավալի է, որովհետև մենք կորցնում ենք երիտասարդ, պայծառ, հայրենասեր երիտասարդների, ովքեր կռվում են հանուն հայրենիքի և ովքեր զոհաբերում են իրենց կյանքը հայրենիքին: Չկան բառեր՝ արտահայտելու այն ցավը, որը զգում ես,-ասել է նա: -Այս պատերազմը նաև անմարդկային է, քանի որ առաջին իսկ օրվանից Ադրբեջանն սկսեց հրթիռակոծել խաղաղ բնակչությանը, բնակավայրերը»:
Նախագահը լրագրողներին մանրամասն ներկայացրել է, թե ինչ է նշանակում պատերազմը յուրաքանչյուր կողմի համար: Եթե Ադրբեջանը որպես պատերազմի նպատակ հայտարարում է տարածքների ազատագրումը, այն տարածքների, որտեղ հայերը բնակվում են հազարամյակներ, և որոնք նրանց պատմական հայրենիքն են, ապա, նախագահի խոսքով, դրա համար միջազգային այլ ձևակերպում կա՝ էթնիկ զտում:
Կարծիքներ