Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարց մեր օրակարգում չկա․ Էդմոն Մարուքյան. տեսանյութ
«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձել է վերջին շրջանում տիրող ներքաղաքական լարված իրավիճակին:
Արդեն հայտնի է, որ իշխանափոխության օրակարգով խորհրդարանից դուրս պլատֆորմ է ձևավորվում` ՀՅԴ, «Հայրենիք»-ը` Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, նորաստեղծ քաղաքական ուժեր և այլն:
Հարցին, թե ԼՀԿ-ին առաջարկե՞լ են միանալ իրենց, Մարուքյանը պատասխանել է. «Եղել է առաջարկություն Դաշնակցության կողմից, որ նման ֆորմատով հանդիպում կա դեռևս ավելի վաղ` մոտավորապես մի հինգ օր առաջ: Մենք նպատակահարմար չենք համարել մասնակցել այդ ֆորմատով որևէ քննարկման: Այն օրակարգերը, որոնք հրապարակվել են, «Լուսավոր Հայաստան» կուսակցության օրակարգի հետ որևէ առնչություն չունեին, դրա համար մենք նպատակահարմար չենք համարել»:
Ճշտող հարցին, թե վարչապետի՝ օր առաջ պաշտոնանկությունը ԼՀԿ-ի օրակարգում չկա՞, կուսակցության ղեկավարը պատասխանել է. «Որ լիներ, մենք ամենաառաջինը կբարձրաձայնեինք...: Օրակարգերը տարբեր են: Ուզում են, թող հենց հիմա պայքարեն և հասնեն էդ օրակարգին: Դա մեր օրակարգը չի: Հիմա ես մտածում եմ միայն, որ ինչ անենք, որ էս առողջապահական ճգնաժամից դուրս գանք, որից հետո սոցիալ-տնտեսական ճգնաժամով պետք է զբաղվենք: Եվ էս իրավիճակում, որքանով էլ որ ես գտնում եմ, օրինակ, Առողջապահության նախարարը կամ այլ պաշտոնյաներ պետք է հրաժարական տան, ես կարծում եմ, որ դրա ժամանակը հենց հիմա չէ: Որովհետև հենց հիմա մենք գտնվում ենք էդ ճգնաժամի ամենաբարձր փուլում: Ճգնաժամը կավարտվի, պատասխանատուների մասին կսկսենք խոսել, քաղաքական պատասխանատվության հարց կբարձրացնենք»:
Մանրամասները` տեսանյութում:
Կարծիքներ