Նոր օրինագծով առաջարկվում է զինծառայությունից ազատել ընտանիքի զավակին, որն ունի պատերազմում զոհված եղբայր
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությամբ, առաջարկվում է շրջանառության դնել նոր օրենսդրական նախագիծ, համաձայն որի՝ փոփոխություններ կկատարվեն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
Մանրամասն նկարագրության մեջ նշվում է, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի 21-րդ հոդվածը տալիս է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը.
նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերից է ընտանիքի միակ արու զավակ լինելը եւ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունենալը:
Փաստորեն, գործող Օրենքի կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է հանդիսանում նաեւ ընտանիքում միակ արու զավակ լինելը: Ունենք հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի հետեւանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն: Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական եւ սոցիալական վիճակում չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն եւս ուղարկել զինվորական ծառայության:
Ըստ օրինագծի, ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ, պետք է նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տրվի այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքները ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական եւ իրենց առջեւ ծառացած սոցիալական խնդիրները:
Առաջարկվում է փոփոխություն կատարել Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում եւ հանել «ընտանիքի միակ արու զավակն է եւ» բառերը, զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալով զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամներին՝ անկախ այն հանգամանքից նրանք հանդիսանում են ընտանիքի միակ արու զավակը, թե ոչ;
Սույն օրենքի նախագծով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվող քաղաքացիների թիվը մեծ չի լինելու:
Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Կարծիքներ