Հայաստանից բացակայող թոշակառու քաղաքացիները չներկայանալու դեպքում կարող են զրկվել գումարից
ՀՀ թոշակառու քաղաքացիներ, ովքեր գտնվում են արտերկրում եւ համավարակի պատճառով չեն կարողանում վերադառնալ Հայաստան, հնարավորություն չունեն ստանալու իրենց թոշակները։
Նշենք, որ թոշակառուն պարտավոր է յուրաքանչյուր տարի ներկայանալ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանում հնարավորություն ունենալով մեկ տարով լիազորել կամայական մեկին՝ իր կենսաթոշակը ստանալու համար: Թոշակառուն հեռակա կարգով չի կարող լիազորել որևէ մեկին:
Արտերկրում ապրող մեր քաղաքացիների տարին մեկ անգամ պարտադիր Հայաստան ներկայանալու հարցը բազմիցս բարձրաձայնվել է: Freenews-ը խնդրո առնչությամբ փորձեց պարզաբանումներ ստանալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանից, ով նշեց, որ արտերկրում գտնվող մեր հայրենակիցների համար ՀՀ Պարետի 32 ցուցումով երկարացվել են մի շարք ժամկետներ՝ հաշվի առնելով համավարակի գործոնը:
Ըստ այդմ, եթե քաղաքացու՝ Հայաստանում գտնվելու 1 տարին չի լրացել, նրա կենսաթոշակի վճարումը չի դադարել: Բացակայության 1 տարին լրացողների վերաբերյալ թվային տեղեկություններ ստանալու համար պետք է գրավոր հարցում գրել, որը նախարարությունը ուղորդում է ՍԱԾ՝ ՍԷԿՏ համակարգով բացակայողների տվյալները ստանալու համար: Ս․ Մարտիրոսյանի հավաստմամբ ընտանեկան կամ սոցիալական նպաստի համար դիմումների թիվը համավարակով պայմանավորված էական փոփոխության չի ենթարկվել։
Ընտանեկան կամ սոցիալական նպաստի համար դիմումների դիտարկում կատարվում է ամենամսյա պարբերականությամբ, և ամսական նպաստի համակարգում ընդգրկվողների և համակարգից դուրս եկողների շարժը կազմում է 250-300 ընտանիք:
Վերջին 6 ամիսներին այս թվի կտրուկ աճ կամ նվազում չի դիտվել: Սրա պատճառը կարող է լինել նաև այն, որ շատ դեպքերում մարդիկ կորցրել են չգրանցված աշխատանքը, որը նախկինում՝ նպաստի նշանակման գործընթացում, քաղաքացու կողմից թաքցվել է և չի ներկայացվել որպես եկամուտ:
Կարծիքներ