«Լունա-25»-ն առաջին լուսանկարներն է ուղարկել Լուսնի ուղեծրից

«Լունա-25»-ն առաջին լուսանկարներն է ուղարկել Լուսնի ուղեծրից

«Լունա-25» ավտոմատ կայանը, որը շրջանաձև թռիչք է իրականացնում Լուսնի ուղեծրով, լուսնային մակերեսի առաջին լուսանկարներն է արել ՍՏՍ-Լ համալիրի հեռուստատեսային տեսախցիկներով։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ռոսկոսմոս»-ը։

«Լուսանկարում, որն արվել է այսօր Մոսկվայի ժամանակով 08.23-ին, պատկերված է հարավային բևեռային Զեեման խառնարանը՝ Լուսնի հակառակ կողմում», - հայտնել են տիեզերական կորպորացիայից:

Ստացված պատկերները զգալիորեն լրացնում են այս խառնարանի մասին ներկայումս առկա տեղեկատվությունը: Լուսնի հակառակ կողմի՝ աշխարհում առաջին պատկերը ստացվել է 1959 թվականի հոկտեմբերին «Լունա-3» խորհրդային ավտոմատ կայանից։

Նշվում է նաև, որ չափվել են գամմա ճառագայթների և նեյտրոնների հոսքերը Լուսնի մակերևույթից, ինչպես նաև ստացվել են մերձլուսնային տիեզերական պլազմայի և Լուսնի ուղեծրում գազափոշու էկզոսֆերայի պարամետրերը:

«Սոյուզ 2.1բ» հրթիռը` 50 տարվա ընթացքում առաջին ռուսական լուսնային կայանով («Լուսին-25»), օդ է բարձրացել օգոստոսի 11-ին Մոսկվայի ժամանակով 02.11-ին «Վոստոչնի» տիեզերակայանից։

«Լուսին-25»–ն առաջին կայանը կդառնա, որը փափուկ վայրէջք կկատարի Լուսնի Հարավային բևեռի տարածքում, որը տեղանքի բարդ ռելիեֆ ունի։ Նախորդ բոլոր կայանները վայրէջք են կատարել հասարակածային գոտում։ Կայանի հիմնական նպատակը լուսնային հողի կոնտակտային հետազոտությունների անցկացումն է` սառույցի առկայությունը ստուգելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում