Ինչպես օգնել թռչուններին պաշտպանել իրենց բները․ խորհուրդներ Հայաստանի թռչնասերներին
Տրվել է «Գարնանն ընդառաջ» ծրագրի մեկնարկը։ Ինչպես հայտնեցին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից, «Գարնանն Ընդառաջը» միջազգային նախագիծ է, որի նպատակն է խրախուսել երեխաների հետաքրքրությունը բնության, չվող թռչունների և այլ կենդանատեսակների պահպանության գործում։ Յուրաքանչյուր գարնան թռչունները հսկայական ժամանակ և ռեսուրսներ են ծախսում պաշտպանելու համար իրենց բույնն ու ձագերին։ «ԱրԱվես» ՀԿ-ն «Գարնանն ընդառաջ» ծրագրի շրջանակներում ներկայացնում է օգտակար տեղեկատվություն հայաստանաբնակ թռչնասերների համար։
Ծրագրով ընտրված «գարնան ավետաբերներն» են՝ Սպիտակ արագիլ, Գյուղական ծիծեռնակ, Սև մանգաղաթև, Սովորական կկու, Փողկապավոր քարադր, Առափնյա ծիծեռնակ, Ոսկեգույն մեղվակեր։ Սրանք այն ընտրված տեսակներն են, որոնք ունեն պահպանության կարիք։
Պատկերացրեք, թռչունները բնադրվելու համար անցնում են հազարավոր կիլոմետրեր, որպեսզի կարողանան իրենց համար զույգ գտնել և բնադրվել։ Զույգ գտնելու նպատակով նրանք երգում են իրենց ամենագեղեցիկ երգը, անգամ պայքարում են այլ թռչունների հետ․․․ և ահա՛, երբ զույգը գտնված է, նրանք միասին ճյուղ առ ճյուղ կառուցում են իրենց բույնը, օր ու գիշեր տաքացնում իրենց ապագա ձագերին, բայց ամենադժվար փուլը դեռ առջևում է։ Երբ ձվից դուրս կգան սոված ձագուկները, ծնողները ստիպված կլինեն անդադար սնունդ հայթայթել փոքրիկների համար։
Այսպիսով, «Գարնանն ընդառաջ» ծրագրի այս տարվա թեման է, թե ինչպե՞ս օգնել թռչուններին պաշտպանել իրենց բները։ Կան որոշակի պարզ քայլեր, որոնց հետևելով բոլորը հնարավորություն կունենան օգնել մեզ շրջապատող թռչուններին։
Եթե սիրում ես, բաց թող․․․
Իհարկե, ուշագրավ է ձեր տարածքում հայտնաբերել որևէ թռչնի բույն և հետևել այնտեղի իրադարձություններին, սակայն հիշե՛ք, եթե բնին շատ մոտ գնաք, հնարավոր են վատ հետևանքներ։ Անգամ փոքր աղմուկից ծնողները կարող են վտանգ զգալ և լքել իրենց բույնը, իսկ մարդու կողմից թողնված հետքերը, կարող են գիշատիչների համար ուղեցույց դառնալ։ Այնպես որ, ավելի լավ է հետևել այդ հետաքրքրաշարժ ընթացին հեռավորությունից։
Թույլ տվեք այգին ծաղկի
Կան թռչնատեսակներ, որոնք հնարավոր է բնադրեն այն թփի կամ ծառի վրա, որը դուք նախատեսել եք էտել։ Հետաձգեք այդ գործընթացը մինչև բնադրման սեզոնի ավարտը։
Պահեք Ձեր ընկերակից կենդանիներին տանը
Բոլորս սիրում ենք մեր տնային կատուներին, սակայն նրանք կարող են շատ վտանգավոր գիշատիչներ հանդիսանալ բնադրող թռչունների համար։ Քանի որ ընտանի կենդանիները չեն հանդիսանում բնական էկոհամակարգի մաս, ապա նրանց «որսը» կարող է շատ վատ ազդեցություն ունենալ հատկապես ցածրադիր վայրերում բնադրող տեսակների համար։
Կառուցեք գիշատիչներից պաշտպանված բներ
Եթե ձեր տարածքում հայտնվել է որևէ թռչնատեսակ, որը հազվագյուտ է կամ ունի լրացուցիչ պաշտպանության կարիք, ապա դուք կարող եք օգնել նրան սեփական տարածքն անվտանգ դարձնելու գործում։ Խորհուրդ է տրվում բնի մուտքը կառուցել երկաթից, որպեսզի գիշատիչները չկարողանան այն մեծացնել և հասնել ձագերին։ Կամ տեղադրեք բույնը ոչ թե ծառերի վրա այլ երկաթյա հարթ մակերեսով սյուների վրա ոչ պակաս քան 3 մետր բարձրությամբ, այդպիսով գիշատիչները չեն կարողանա հասնել նրան։
Տեսնո՞ւմ եք վտանգված բույն․․․ տեղեկացրեք այդ մասին
Երբեմն հանդիպում են դեպքեր, երբ մարդիկ գողանում են բնադրող թռչունների ձվերը, կամ ինչ-որ կերպ քանդում, վնասում են նրանց բույնը։ Նկատելով այսպիսի իրադարձություն առաջարկում ենք ձեռնարկել ինչ-որ բան կամ պարզապես տեղյակ պահել այդ մասին տեղական ինքնակառավարման մարմիններին, թռչնասերներին։
Նշենք նաև, որ «Գարնանն ընդառաջ» ծրագիրն իրականացվում է BirdLife միջազգային կազմակերպության կողմից՝ HeidelbergCement-ի աջակցությամբ։
Կարծիքներ