Էրդողանն ու Մակրոնը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակը |tert.am|
tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությանը:
Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը շեշտել է, որ «Միջերկրական ծովի արևելքում տիրող լարվածության պատճառը Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի օրինական իրավունքների խախտումն է»:
Նրա խոսքերով` «տարակուսելի է Ֆրանսիայի աջակցությունը Հունաստանի և Կիպրոսի հույների մաքսիմալիստական պահանջներին և քայլերին, որոնք նպաստում են լարվածության աճին»:
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Ֆրանսիայից ակնկալում է գործընթացի նկատմամբ խոհեմ և կառուցողական վերաբերմունք: Միևնույն ժամանակ, նա նշել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև խորհրդատվությունների և շփումների մեխանիզմի կայուն օգտագործման կարևորությունը:
Կարծիքներ