ՌԴ ՊՆ-ն Ստեփանակերտում հումանիտար հարցերով արձագանքման միջգերատեսչական կենտրոն է ձևավորում

ՌԴ ՊՆ-ն Ստեփանակերտում հումանիտար հարցերով արձագանքման միջգերատեսչական կենտրոն է ձևավորում

ՌԴ պաշտպանության նախարարությունը սկսել է Ստեփանակերտում Հումանիտար հարցերով արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմավորման աշխատանքները: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել են Ռուսաստանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից:

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրամանագրով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված հավելյալ միջոցառումների մասին» հրամանի իրականացման շրջանակներում ՌԴ ՊՆ-ն անցել է Ստեփանակերտում Հումանիտար հարցերով արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմավորմանը»,- ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Կենտրոնից մասնավորեցրել են, որ Միջգերատեսչական կենտրոնի կազմավորումը լիարժեք մասշտաբով ավարտին կհասցվի մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը: Այդ օրվանից էլ կենտրոնը կսկսի կատարել իր առաջ դրված առաջադրանքները:

Ռուսական կենտրոնից հայտնել են նաև, որ ռուս խաղաղապահներն ուղեկցում են Լաչինի միջանցքով անցնող 19 ավտոբուսներին, որոնք տեղափոխում են Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներին:

Գերատեսչությունից հավելել են, որ նոյեմբերի 14-ից Ստեփանակերտում արդեն գործում է օպերատիվ խումբ, որն ապահովում է փախստականների վերադարձի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 50 քաղաքացիական անձ, վիրավորվել է 148 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել: Հոկտեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրվել է եռակողմ հայտարարություն ռազմական գործողությունների դադարեցման մասին։ 

Ըստ հայտարարության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին և Հադրութը, գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

ՌԴ խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում