Կբացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսի երևանյան փուլը. ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Երևանի «Ժամանակակից արվեստի թանգարանի» նախաձեռնությամբ «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում հոկտեմբերի 17-ին՝ ժամը 18:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված սրահում կմեկնարկի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսի երևանյան փուլը:
Կցուցադրվեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի արվեստագետներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907 – 2000 թթ.) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920 – 2013 թթ.) գրաֆիկական աշխատանքները:
Ցուցադրության երևանյան փուլի մեկնարկից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր Արմեն Մանասյանը «Ժամանակակից արվեստի թանգարանի» մշտական ցուցասրահում, որտեղ ներկայացված են Ժանսեմի և Գառզուի աշխատանքերը, հանդես են եկել մամուլի ասուլիսով:
ԺԱԹ տնօրեն Նունե Ավետիսյանն ընդգծել է, որ ցուցադրությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրի միջոցով, ինչն էլ հնարավորություն է ընձեռել նման կարևոր և հետաքրքիր ցուցադրությունը նախ և առաջ ներկայացնել Գյումրիում, Վանաձորում, ապա՝ Երևանում:
«Բավականին մեծ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել, որպեսզի կարողանանք Գյումրիում, Վանաձորում, Երևանում պատշաճ ներկայացնել և ճանաչելի դարձնել ֆրանսահայ անվանի արվեստագետների՝ Գառզուի և Ժանսեմի ստեղծագործությունները: Ցուցահանդեսի շրջանակներում արվեստաբան, նկարիչ, ԺԱԹ-ի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Լուսինե Նաղդալյանն անցկացրել է «Մենատիպ և խառը տեխնիկա. ստեղծագործենք միասին» խորագրով աշխատարանը, որին մասնակցել է շուրջ 80 երիտասարդ արվեստագետ: Նախագծի շրջանակներում Արամ Սուքիասյանի հեղինակությամբ նկարահանվել է նաև տեսաֆիլմ՝ անգլերեն ենթագրերով, որտեղ ներկայացվում են երկու նկարիչների կյանքն ու գործունեությունը: Գյումրիում բացման արարողությանը ելույթ է ունեցել «Կադանս» երաժշտախումբը (գեղարվեստական ղեկավար` Հակոբ Ջաղացպանյան), իսկ Վանաձորում` Վանաձորի կամերային նվագախմբի լարային քառյակը (գեղարվեստական ղեկավար` Ռուբեն Ասատրյան): Այնուհետև, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ հրատարակվել է ցուցադրության երկլեզու (հայերեն, ֆրանսերեն) պատկերագիրքը»,- նշել է Նունե Ավետիսյանը՝ հավելելով, որ և՛ ցուցադրությունը, և՛ արվեստագետների համար անցկացրած աշխատարանը մարզերում մեծ արձագանք են ստացել, և հույս է հայտնել, որ նման ծրագրերը կլինեն շարունակական, և բոլոր մարզերում հնարավոր կլինի ներկայացնել ցուցադրությունը:
Նունե Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել աջակիցներին, գործընկերներին և տեղեկացրել, որ հոկտեմբերի 17-ին կայանալիք ցուցահանդեսի երևանյան փուլի գործընկերն է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի նշմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով իրականացված այս նախագիծը, որը կազմվել էր ԺԱԹ-ի կողմից, բազմաբովանդակ և բազմաշերտ է: Վարչության պետը հիշեցրել է, որ 2018 թվականից մշակութային ծրագրերն ընտրվում են մրցութային կարգով, և այս տարի թանգարանների ծրագրերի շրջանակներում հանձնաժողովի կողմից մեծ հավանության է արժանացել «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը:
«Այս նախաձեռնությունը հետաքրքիր և մրցունակ է մի շարք բաղադրիչներով. նախ՝ նախարարության ռազմավարական գերակայությունների մեջ կարևորվում է մշակութային ապակենտրոնացումը, և սա այն բաղադրիչներից մեկն էր, որի միջոցով ծրագիրը մեկնարկելու էր Գյումրիից, հետո՝ Վանաձոր, ապա վերադառնալու էր Երևան: Շատ կարևոր էր ծրագրի թեմատիկան՝ Հայաստան-Ֆրանսիա, հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված համագործակցությունը, որի շրջանակներում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ֆինանսավորմամբ լույս է ընծայվել ցուցադրության պատկերագիրքը»,- ասել է Աստղիկ Մարաբյանը՝ շնորհակալություն հայտնելով ֆրանսիացի գործընկերներին:
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն էլ շեշտել է, որ Ֆրանսիայի դեսպանությունն անչափ կարևորում է մշակույթն ու մշակութային ժառանգությունը, դրա շրջանակներում՝ նախագծերի իրականացումն ու զարգացումը, որ հայ-ֆրանսիական համագործակցության ամուր կապերի երաշխիքն է:
«Մշակույթն ու մշակութային ժառանգությունն այն ոլորտներից են, որտեղ պետք է առավել խորացնենք մեր համագործակցությունը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը շարունակելու է համագործակցությունը տարբեր մշակութային հաստատությունների հետ՝ իրականացնելու տարբեր նախագծեր և փորձի փոխանակման ծրագրեր: Այս համատեքստում, երբ ԺԱԹ տնօրեն Նունե Ավետիսյանը ներկայացրեց ցուցադրության ծրագիրը, այն մեզ շատ հետաքրքրեց, այդ պատճառով ստանձնեցինք ցուցադրության պատկերագրքի հրատարակման աջակցությունը»,- ասել է Գիյոմ Նարժոլեն և ընդգծել, որ աջակցությունն այս ծրագրին աջակցություն է արվեստին և հավելյալ հնարավորության ընձեռում՝ հանրությանը երկու մեծանուն նկարիչների ստեղծագործություններին ծանոթացնելու:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր Արմեն Մանասյանը, շարունակելով համագործակցության թեման, նշել է, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և ժամանակակից արվեստի թանգարանի միջև «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագիրը կրող ցուցահանդեսով հիմք դրված համագործակցությունը շարունակաբար կզարգանա և կամրապնդվի:
«Հատկանշական է, որ այս ծրագիրը համընկնում է «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ընթացող ծավալուն փոփոխություններին՝ և՛ բովանդակային, և՛ ստեղծագործական առումով: Մասնավորապես, վերջերս վերաբացվել են դահլիճի հարակից երկու ճեմասրահները, որտեղ էլ հոկտեմբերի 17-ին կբացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագիրը կրող ցուցահանդեսի երևանյան փուլը, որը կգործի մինչև հոկտեմբերի 24-ը: Ցուցադրության շրջանակներում տեղի կունենա հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների դասական երաժշտության համերգ «Սարյան» լարային քառյակի, միջազգային ու հանրապետական մրցույթների դափնեկիր, դաշնակահար Լիլիթ Զաքարյանի մասնակցությամբ»,- եզրափակել է Արմեն Մանասյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-28-ը «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը իրականացվել է նաև Գյումրիի «Ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանում» և հոկտեմբերի 1-4-ը Վանաձորի «Կերպարվեստի թանգարանում»:
Կարծիքներ