Մինսկի մերձակայքում գրոհայինների են ձերբակալել․ Լուկաշենկոն Ռուսաստանից բացատրություն է ակնկալում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ակնկալում է բացատրություն ստանալ Ռուսաստանից՝ Մինսկի մերձակայքում Վագների ՄԶԸ -ի ռուս մարտիկների հայտնվելու մասին:
Ինչպես գրում է «Եվրոպեյսկայա պրավդան»՝ նա այդ մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի անդամների հետ արտահերթ խորհրդակցության ժամանակ:
«Ես նայում եմ ռուսների արձագանքին: Նրանք արդեն արդարանալով քիչ է մնում ասեն, թե մենք ինքներս ենք նրանց այստեղ բերել։ Պարզ է, որ ինչ-որ կերպ պետք է արդարացնեն իրենց կեղտոտ մտադրությունները: Այդ պատճառով շատ կխնդրեի, որ այս իրավիճակում և այս փաստի հետ կապված ամեն բան ծայրաստիճան անկեղծ ու ազնիվ լիներ։
Եթե նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են (ինչպես հասկանում եմ, նրանց հարցաքննել են), ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցներին, որպեսզի նրանք բացատրեն, թե ինչ է կատարվում», – հայտարարել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ բելառուսական ԲԵԼՏԱ պետական լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը իրավապահներն ավելի քան 30 ՌԴ քաղաքացու են ձերբակալել: Նշվում է, որ նրանք, այսպես կոչված, Վագների ՄԶԸ-ի մարտիկներ են:
Կարծիքներ