Ամռանը աղիքային վարակիչ հիվանդության դեպքերը 3 անգամ ավելի շատ են գրանցվում. ինչ անել՝ դրանցից խուսափելու համար
Համեմատած 2021 թվականի՝ այս տարի Հայաստանում աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերն աճել են 1.2 անգամ: Վերջին 4 ամիսների ընթացքում մեզ մոտ գրանցվել է աղիքային վարակիչ հիվանդությունների 2018 դեպք, իսկ 2021 թվականի նույն ժամանակաշրջանում դեպքերը եղել են 1442-ը:
Աղիքային վարակիչ հիվանդությունները վարակիչ հիվանդությունների մեծ խումբ են, որոնք առաջին հերթին ախտահարում և վնասում են աղեստամոքսային համակարգը: Վարակումը տեղի է ունենում, երբ հարուցիչը բերանի միջոցով թափանցում է մարդու օրգանիզմ, որպես կանոն, աղտոտված սննդի, ջրի, ինչպես նաև կեղտոտ ձեռքերի միջոցով:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի համաճարակաբան Ներսես Գրիգորյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում նշել է՝ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը: Ամռանը այս հիվանդությունը 3 անգամ ավելի շատ է գրանցվում, քանի ձմռանը:
«Պատճառներից մեկն այն է, որ տաք շրջանում նպաստավոր պայմաններ են ստեղծվում հիվանդության հարուցիչների աճեցման ու բազմացման համար: Միևնույն ժամանակ ջրում և սննդում եղած հարուցիչները ամռանը շատ են բազմանում: Այս սեզոնին երբեմն հնարավոր չի լինում անհրաժեշտ հիգիենան պահպանել, հատկապես երբ էքսկուրսիաներ, դաշտային պայմաններում խնջույքներ են կազմակերպում»,- նկատում է նա:
Այս հիվանդությամբ վարակվում են թե՛ մեծահասակները և թե՛ փոքրերը, սակայն թիրախային խումբ հիմնականում փոքրերն են: Այս տարի ՀՀ-ում աղիքային վարակիչ հիվանդության 4 բռնկում է եղել, որոնցից երկուսի դեպքում վարակը մարդուն փոխանցվել է ջրի միջոցով, մյուս երկուսի դեպքում՝ սննդի: Հարուցիչները, թափանցելով մարդու օրգանիզմ, նախ ընկնում են ստամոքս, ապա՝ աղիներ, որտեղ և ինտենսիվ բազմանում են: Հիվանդության ախտանշանների ի հայտ գալուն նախորդում է գաղտնի շրջանը, որը տարբեր վարակների դեպքում տևում է 6-48 ժամ: Հիվանդության ախտանշաններն առաջացնում են ինչպես հենց մանրէները, այնպես էլ՝ նրանց արտադրած թույները:
«2021 թվականին ունեցել ենք 18 բռնկում, բռնկումը նշանակում է՝ երբ որոշակի թվով մարդիկ հիվանդանում են վարակով, ու այդ դեպքերը կապված են միմյանց հետ: Դրանցից 14-ը եղել են սննդի հետևանքով՝ և՛ հանրային սննդի կետերի, և՛ մանկական նախադպրոցական կազմակերպությունների: Այս տարի գրանցվել է 4 բռնկում, որի ժամանակ 50 մարդ էր վարակվել: Ավելի շատ դեպքեր գրանցվում են մինչև 18 տարեկան երեխաների մոտ: Օրինակ՝ եթե այս տարվա ապրիլ ամսին ունեցել ենք 624 դեպք, դրանից 400-ից ավելին երեխաներ են եղել, այսինքն՝ թիրախային խումբը հիվանդության համար երեխաներն են, տարեցները, իմունային թույլ համակարգ ունեցողները»,- նշում է համաճարակաբանը:
Աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ են բակտերիաները (դիզենտերիա, սալմոնելոզ, որովայնային տիֆ, խոլերա), վիրուսներ (էնտերովիրուսներ, ռոտավիրուսներ և այլն): Վարակի տարածման աղբյուր են հիվանդները և վարակակիրները, որոնց արտաթորանքի, փսխման զանգվածների, երբեմն նաև մեզի միջոցով հարուցիչները արտազատվում են արտաքին միջավայր: Գրեթե բոլոր հարուցիչները բավականին կայուն են արտաքին միջավայրում՝ հողում, ջրում և տարբեր առարկաների վրա՝ խոհանոցային սպասք (ափսեներ, գդալներ, բաժակներ և այլն), կահույքի մակերես, դռների բռնակներ: Սակայն այդ մանրէների համար ինչպես գոյատևման, այնպես էլ բազմացման համար խիստ նպաստավոր պայմաններ առկա են սննդամթերքի մեջ:
ՀՎԿԱԿ-ի մասնագետի խոսքով՝ հիվանդությունը մեզ մոտ մեծ մասամբ արձանագրվում է Արարատյան դաշտում, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Լոռու մարզում, սակայն հիվանդության 20-30 տոկոսը հիմնականում գրանցվում է մայրաքաղաքում: Ամենից շատ գրանցվում է չհայտնաբերված աղիքային վարակիչ հիվանդությունը, այսինքն՝ լաբորատոր ձևով չի հայտնաբերվել, թե ինչ հարուցիչ է, բայց միևնույն ժամանակ ախտանշաններից պարզ է, որ դա աղիքային վարակիչ հիվանդություն է:
«Որպես կանոն՝ ախտանշանները նույն են լինում թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների դեպքում: Հիվանդության ընթացքը հիվանդի մոտ կախված է նրա օրգանիզմից, թե ինչ կերպով է վարակը փոխանցվել վերջինիս: Առաջին հերթին, որպես կանոն, սննդի միջոցով առաջացած վարակը ավելի սուր է ընթանում: Սննդամթերքի մեջ վարակի հարուցիչը շատ է: Մեզ մոտ շատ են նաև սալոմենայի, աղիքային ախտածին ցուպիկի վարակները, բայց երկար տարիներ է՝ չենք ունեցել մահվան ելքեր այս հիվանդությունից: Շատ հազվադեպ կարող է լինել, եթե անձի մոտ բարձիթողի վիճակ լինի, ունենա ուղեկցող հիվանդություններ, և աղիքային վարակը նպաստի մահվան ելքին»,- ասում է նա:
Հիվանդության ժամանակ ախտահարվում է մարդու աղեստամոքսային համակարգը, թույլ օրգանիզմ ունեցողների մոտ առաջանում են տարբեր բարդություններ, նշում է մասնագետը: Այդ բարդությունները կարող են առաջ գալ նաև, եթե անձը ժամանակին չի դիմում բժշկի, զբաղվում է ինքնաբուժությամբ, սխալ դեղորայք է ստանում, առանց բժշկի ցուցման ընդունում է անտիբիոտիկներ, որոնց անկանոն օգտագործումը կարող է հանգեցնել նրան, որ վարակն ընտելանա դեղորայքին, և այն այլևս չօգնի բուժման հարցում:
Աղիքային վարակիչ հիվանդությունների ժամանակ հիվանդներին սկզբում անհանգստացնում են ընդհանուր թուլությունը, գլխացավը, ախորժակի բացակայությունը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը: Որոշ ժամանակ անց առաջանում են սրտխառնոց և փսխում, որովայնի շրջանում՝ զգացվում կծկանքանման ցավեր, սկսվում է լորձի, թարախի կամ արյան հետ խառնված լուծ: Հիվանդներին կարող են անհանգստացնել ծարավը և դողէրոցքը: Հիվանդությամբ վարակվելուց խուսափելու համար ՀՎԿԱԿ-ի համաճարակաբան Ներսես Գրիգորյանը շեշտում է՝
չխմել կասկածելի խմելու ջուր կամ խմել միայն եռացրած-սառեցրած տարբերակով, փոքր տարիքի երեխաներին երբեք չտալ ծորակի հում ջուր, երբեք չխմել հում կաթ,
մրգերը և բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով, կասկածելի ջրի դեպքում՝ եռացրած ջրով, սննդամթերքը միշտ պահպանել համապատասխան պայմաններում, հետևել օգտագործման ժամկետներին, խուսափել փողոցներում, ոչ համապատասխան պայմաններում վաճառվող սննդամթերքից, մշտապես պահպանել անձնական հիգիենայի կանոնները. ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես։
Կարծիքներ