Իրանցի գրող Ֆարիբա Վաֆիի ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն

Իրանցի գրող Ֆարիբա Վաֆիի ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն

Հայերեն թարգմանությամբ լույս են տեսել Իրանի ամենահայտնի գրողներից Ֆարիբա Վաֆիի ստեղծագործությունները։

 «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հրատարակել է հեղինակի «Նույնիսկ երբ ծիծաղում ենք» պատմվածքների ժողովածուն և «Իմ թռչունը» վեպը։ Երկու գիրքն էլ պարսկերենից թարգմանել է Գևորգ Ասատրյանը։

«Նույնիսկ երբ ծիծաղում ենք» պատմվածքների ժողովածուն, որ անուն ու մեծ ճանաչում է բերել հեղինակին,  տպագրվել է 1999 թվականին և մինչև օրս չորս տասնյակից ավելի վերահրատարակություններ է ունեցել: Այն թարգմանվել է մի շարք լեզուներով: Հերոսները սովորույթների և ժամանակակից կյանքի բավիղներում հայտնված և ինքնաճանաչման ձգտող կանայք են:

«Իմ թռչունը», որ հեղինակի առաջին վեպն է, տպագրվել է 2002 թվականին և արժանացել իրանական ու միջազգային մի շարք մրցանակների: Այն 2009 թվականին թարգմանվել է անգլերեն, 2010-ին՝ իտալերեն, 2012-ին՝ գերմաներեն և 2016-ին՝ թուրքերեն: Վերնագրում հիշատակվող թռչունը հերոսուհու ուղեցույց աստղն է. նա պետք է պայքարի ու հաղթահարի իր վախերն ու տագնապները, ազատվի իր շրջապատի «ստվերներից ու ոգիներից», որպեսզի աշխարհը դարձնի այնպիսին, ինչպիսին ինքն է ցանկանում:

Ֆարիբա Վաֆին ծնվել է 1963 թվականին Թավրիզ քաղաքում: Ստեղծագործել է դպրոցական նստարանից: Առաջին ժողովածուն տպագրել է 1996 թվականին՝ 33 տարեկանում: Ութ վեպի և պատմվածքների մի քանի ժողովածուների հեղինակ է: Արժանացել է իրանական և միջազգային բազմաթիվ գրական մրցանակների: Նրա գրքերի մեծ մասը թարգմանվել է աշխարհի մի շարք լեզուներով՝ անգլերեն, գերմաներն, շվեդերեն, ֆրանսերեն, ճապոներեն, նորվեգերեն, թուրքերեն և այլն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում