Ազատության լրագրողներին տեղեկացնեմ, որ վճարվող մաքսատուրքի 1,22 տոկոսն է ՀՀ-ինը, մնացածը բաշխվում է ԵԱՏՄ այլ երկրների միջև. Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ազատություն ռադիոկայան-ը մի «հետաքննության» մեջ պնդում է անում, որ Կառավարության տված արտոնության հետևանքով մի մասնավոր ընկերություն պետական բյուջե չի վճարի մոտ 290 հազար դոլար։ Սա սխալ է և այդ սխալի պատճառն այն է, որ հայտնի լրատվամիջոցը պարզապես չի պահել լրատվության տրամադրման մեկ պարզ կանոն՝ համակողմանիությունը։ Ազատության լրագրողները ամեն մանր ու մեծ առիթով, երբեմն շաբաթը մի քանի անգամ, զանգահարում են ինձ ու պարզաբանում խնդրում, իսկ այս դեպքում հարկ չեն համարել ոչ ինձ դիմել, ոչ էլ՝ նախարարության մամուլի հետ աշխատանքի ստորաբաժանմանը։ Եթե զանգահարեին ու մեր կարծիքն իմանային, ապա կլինեին տեղեկացված ու դժվար թե նման աննախանձելի վիճակում հայտնվեին։
Իսկ ի՞նչն է սխալ. Ազատության լրագրողներին տեղեկացնեմ, որ վճարվող մաքսատուրքի 1,22 տոկոսն է ՀՀ-ինը, մնացածը բաշխվում է ԵԱՏՄ այլ երկրների միջև, այսինքն, երբ Կառավարությունը 290 հազար դոլարի մաքսատուրքի արտոնություն է տալիս որևէ ընկերության, դա նշանակում է, որ ՀՀ պետական բյուջե ոչ թե չի մտնում 290 հազար դոլար, այլ չի մտնում 3538 դոլար, իսկ մնացած 286462 դոլարը չի գնում ԵԱՏՄ մյուս երկրներ և մնում է Հայաստանում։
Հիմա հարց. արդյո՞ք սա արդար է ԵԱՏՄ այլ երկրների նկատմամբ, պատասխանը պարզ է. այո, քանի որ նման կարգավորումներ կան նաև ԵԱՏՄ այլ երկրներում և բազմաթիվ են դեպքերը, երբ ԵԱՏՄ այլ կառավարությունները նման որոշումներ են կայացնում և ԵԱՏՄ ընդհանուր «կաթսա» չի մտնում գումար, որի 1,22%-ը պետք է մերը լիներ։
Իսկ ո՞ր դեպքերում ենք տալիս այդ արտոնությունը և ու՞մ։ Տալիս ենք առանց բացառության բոլորին (շատ ընդդիմադիրների ընկերություններ այս ծրագրի շահառուն են), ովքեր խոստանում են նոր ներդրումներ կառավարության կողմից գերակա համարված ոլորտներում (հիմնականում մշակող արդյունաբերությունն է) և նոր աշխատատեղերի ստեղծում։ Եվ այո, որպես էկոնոմիկայի նախարար հպարտությամբ ասում եմ, որ Հարաստանի մի շարք արտադրություններ կունենային շատ ավելի քիչ թողարկած արտադրանք, շատ ավելի քիչ աշխատողներ, շատ ավելի քիչ վճարված հարկեր, շատ ավելի քիչ արտահանում, Հայաստանի տնտեսությունն էլ կլիներ շատ ավելի թույլ (հետևաբար Հայաստանն էլ), եթե չլիներ այս ծրագիրը։
Եվ հետևաբար, սիրելի գործարարներ, եթե Կառավարության 2015թ. այդ որոշման շահառուն եք, ապա հենց վաղը դիմեք էկոնոմիկայի նախարարություն և ստացեք արտոնություն՝ հարստանալով և հարստացնելով Հայաստանը։
Այդ հրապարակման այլ սխալներին կանդրադառնամ առաջիկայում։


Կարծիքներ