Եթե Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, խաղաղության համաձայնագրի նախագծի ճակատագիրը կդառնա անորոշ․ Stratfor
Հայաստանն ու Ադրբեջանը չափավոր քայլեր կձեռնարկեն 2025 թվականի շրջանակային խաղաղության համաձայնագրի դրույթների իրականացման ուղղությամբ, ինչը կնվազեցնի նրանց միջև նոր պատերազմի ռիսկը, գրում է Stratfor վերլուծական կենտրոնը:
Վերլուծական կենտրոնի գնահատմամբ՝ երկու երկրների միջև առևտրի կարգավորումը, հավանաբար, կընթանա զգուշորեն. կողմերը վստահություն կկառուցեն սահմանափակ առևտրային փոխգործակցության, այլ ոչ թե համապարփակ տնտեսական ինտեգրման միջոցով:
Ներքին քաղաքականության մեջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կբախվի հանրային դժգոհության սրմանը, որը հիմնականում պայմանավորված կլինի Ադրբեջանին արվող ենթադրյալ զիջումներով և Հայ առաքելական եկեղեցու հետ լարված հարաբերություններով: Փաշինյանը, հավանաբար, կհետաձգի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը մինչև հունիսյան ընտրությունները: Եթե Փաշինյանը չվերընտրվի, խաղաղության համաձայնագրի նախագծի ճակատագիրը կդառնա անորոշ: Սակայն, եթե նա քվեարկությունից հետո պահպանի իշխանությունը, ապա, ամենայն հավանականությամբ, առաջնահերթություն կդարձնի «Թրամփի ուղու» (TRIPP) իրագործումը, որն ԱՄՆ-ի և Ադրբեջանի հետ ստորագրված համատեղ հռչակագրի կենտրոնական մասն է:
Բաքուն, իր հերթին, կավարտի Իրանի տարածքով անցնող Արաքսյան միջանցքի իր հատվածի շինարարությունը՝ TRIPP-ին զուգահեռ, միաժամանակ պահպանելով TRIPP-ը որպես լծակ և այլընտրանք, որը Հայաստանին դուրս է թողնում տարածաշրջանային ինտեգրումից՝ վերջինիս անհամագործակցության դեպքում: Ռուսաստանը կփորձի խոչընդոտել TRIPP-ի զարգացմանը, սակայն տարածաշրջանում նրա թուլացած դիրքը կսահմանափակի նրա կարողությունը զգալիորեն խոչընդոտելու ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի դեպի Արևմուտք շրջադարձը։


Կարծիքներ