ՔԿՀ-ներում փաստաբան-վստահորդ հաղորդակցությունը կիրականացվի առցանց եղանակով
Այսօր՝ ապրիլի 26-ին, ազդարարվել է քրեակատարողական հիմնարկներում փաստաբան-վստահորդ հաղորդակցությունը տեսազանգի միջոցով կազմակերպելու ծրագրի մեկնարկը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ծրագիրն իրականացվում է Արդարադատության նախարարության, Փաստաբանների պալատի ու ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի միջև բարձր համագործակցության շրջանակներում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել էլեկտրոնային նոր հարթակ, որով կերաշխավորվի կոնֆիդենցիալ հաղորդակցությունը:
Նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԹՊԻՀ գրասենյակի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին՝ ունեցած փայլուն համագործակցության համար, կարևորելով ծրագրի՝ մարդու իրավունքների պաշտպանությանը միտված լինելու ասպեկտը, միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ փաստաբան-վստահորդ հաղորդակցության 24/7 նոր մեխանիզմը կհանդիսանա միջազգային փորձի լավագույն օրինակ այլ պետությունների համար:
Իր հերթին, ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանիին կարևորել է Արդարադատության նախարարություն-Փաստաբանների պալատ օրինակելի համագործակցության ձևաչափը և վերահաստատել ծրագրից բխող միջոցառումների ապահովման հարցում ամերիկյան կողմի աջակցությունը:
Ծրագիրն իրականացվելու է ԹՊԻՀ գրասենյակի բարձր հովանու ներքո՝ Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) կատարմամբ:
Արփինե Սարգսյանը կարևորել է նաև Փաստաբանների պալատի հետ ունեցած համագործակցությունը՝ նշելով, որ Արդարադատության նախարարի հրամանով ստեղծված բազմամասնագիտական աշխատանքային խմբի անդամների ջանքերով մշակվել է երկկողմ փոխհամաձայնեցված ծրագիր, որի իրականացումը հնարավորություն կտա՝
1)առավել մատչելի ու հասանելի դարձնել 24/7 ռեժիմով իրավաբանական օգնությունը ՔԿՀ-ներում.
2)խնայել փաստաբանների կողմից ՔԿՀ-ներ այցելելու համար ծախսվող ժամանակը՝ բարձրացնելով պետական միջոցների հաշվին տրամադրվող իրավաբանական օգնության արդյունավետությունը.
3)նվազեցնել ՔԿՀ-ներում փաստաբանի այցելության հետ կապված տեխնիկական և վարչարարական աշխատանքները (պահանջագրի, անցագրի լրացում, զննություն և այլն):
Փաստաբան-վստահորդ հաղորդակցությունը տեսազանգի միջոցով կազմակերպելու կառուցակարգերի ներդրման աշխատանքները նախատեսվում է իրականացնել սկզբնապես «Արմավիր» ՔԿՀ-ում՝ ապահովելով ազատությունից զրկված անձանց և հանրային պաշտպանների միջև կապը:
Ծրագիրը կընդգրկի բոլոր քրեակատարողականները՝ հեռանկարում ունենալով էլեկտրոնային նոր հարթակն օգտագործել ոչ միայն հանրային պաշտպանների, այլև մյուս փաստաբանների, տեսակցություն ցանկացող այլ անձանց համար:
Կարծիքներ