Պետք է խոսենք նաև տնտեսական արդարության մասին. տնտեսագետները՝ տնտեսական կապերի ապաշրջափակման մասին

Պետք է խոսենք նաև տնտեսական արդարության մասին. տնտեսագետները՝ տնտեսական կապերի ապաշրջափակման մասին

Տնտեսագետները կարևորում են, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում հաշվի առնվի նաև տնտեսական արդարությունը: Տնտեսագետները նման տեսակետ հայտնեցին Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում:

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, անդրադառնալով տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, նշեց, որ իհարկե, ժամանակակից աշխարհում բոլոր երկրները գնում են խոչընդոտների վերացման ճանապարհով, լավագույն օրինակը ԵՄ-ն է, որտեղ սահմաններ գոյություն չունեն, բայց Հայաստանի, տարածաշրջանի համար մի փոքր վաղ է այդ մասին խոսելը՝ նաև հաշվի առնելով տնտեսական էքսպանսիայի սպառնալիքը: «Երբ մենք խոսում ենք ազատ առևտրի մասին, ազատ տեղաշարժման մասին, պետք է խոսենք նաև տնտեսական արդարության մասին: Հիմնականում ապաշրջափակումը դեռ բխում է երկու հարևանների՝ Թուրքիայի, Ադրբեջանի շահերից: Իսկ, թե դա որքանով է դա բխում Հայաստանի շահերից, դուք ինքներդ կարող եք դատել՝ ելնելով նրանից, որ դեռ ապաշրջափակված չէ ներքին հաղորդակցությունը: Ղարաբաղի բնակիչները` հայերը, մուտքի հնարավորություն չունեն հարևան գյուղեր, որտեղ թաղված են իրենց հարազատները, ընկերները, որտեղ հուշարձանները ոչնչացվում են»,-ասաց Մանասերյանն ու նշեց նաև Ադրբեջանի բանակի սպառնալիքի մասին, Ադրբեջանի կողմից գերիներին չվերադարձնելու մասին:

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն էլ նկատեց, որ Ադրբեջանը չի կատարում եռակողմ հայտարարության որոշ կետեր՝ 9-րդ կետը՝ տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումը: Ադրբեջանը նաև չի կատարում ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձի կետը:

«Ցավոք, ապաշրջափակման փոխարեն, մենք հակառակ գործընթացն ունենք: Փակ է Վարդենիս-Մարտակերտ կարևոր ճանապարհը»,-նշեց նա:

Նա նկատեց, որ ադրբեջանական կողմը փորձում է շրջանառել մեկ ուղղություն՝ Մեղրիով դեպի Նախիջևան, որը շահավետ կլինի միայն Թուրքիայի և Ադրբեջանի համար: Բայց նրա խոսքով՝ կան երթուղիներ, որոնց բացումը ձեռնտու է հայկական կողմին, հարցրեց ՝ ինչու՞ այդ հարցերը չեն բարձրացվում: «Այս հարցերի լուծումը հրամայական է, որպեսզի հակամարտությունը լուծվի»,-նշեց նա:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում