«Զանգեզուրի միջանցքի» հարցով Բաքվի և Մոսկվայի միջև կա գործարք, որին Անկարան համաձայնել է. Թոմաս դե Վաալ
Հանուն միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը «Կովկասում պատերազմի կամ խաղաղության ևս մեկ տարի» հոդվածում գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են մոտենալ խաղաղության երկկողմ համաձայնագրին, սակայն բռնության սպառնալիքը պահպանվում է։
«Հիմնական բախման կետը «Զանգեզուրի միջանցքն» է, որտեղ Բաքուն և Մոսկվան կարող են գործարք կնքել ի վնաս Երևանի և Արևմուտքի»,- գրել է նա՝ նշելով, որ Հարավային Կովկասում 2024-ը կլինի կրիտիկական տարի:
Թոմաս դե Վաալը նշում է փետրվարի 13-ին Սյունիքի Ներքին Հանդ գյուղի մոտակայքում հայկական կողմի կորուստների մասին և ընդգծում՝ այս տարածք ԵՄ դիտորդներին թույլ չեն տվել մուտք գործել ռուս սահմանապահները:
«Շարունակվում են բանակցությունները երկկողմ խաղաղության համաձայնագրի շուրջ, որը կկարգավորի երկու երկրի հարաբերությունները երեսուն տարվա հակամարտությունից հետո, սակայն դեռևս առկա է բռնության սպառնալիք Հայաստանի հարավում՝ Սյունիք կոչվող տարածաշրջանում, որը պատմականորեն հայտնի է որպես Զանգեզուր»,- գրում է դե Վաալը՝ շարունակելով Ներքին Հանդ գյուղի մոտ Ադրբեջանի կրակից չորս հայ զինծառայողի զոհվելու թեման:
Ըստ վերլուծաբանի՝ ղարաբաղյան դեպքերն արագացրել են հարաբերությունների սառեցումը Ադրբեջանի և Արևմուտքի միջև, որը մինչև վերջին պահը փորձում էր հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդի դեր ստանձնել։
Նրա խոսքով՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են անկման գործընթացում, և ԵՄ-ն ակտիվացնում է իր ներգրավվածությունը Հայաստանում։
Դե Վաալը հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիր է մնում 43 կիլոմետրանոց փակ միջանցքի կամ տարանցիկ երթուղու վերաբացումը հայկական տարածքով, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի Թուրքիային ու Նախիջևանին:
«Ադրբեջանը շահագրգռված է, որ իր տարածքի երկու հատվածները վերամիավորվեն ուղիներով, որոնք հնարավորինս քիչ կգտնվեն հայկական վերահսկողության ներքո։ Հայաստանը չի ցանկանում զիջել ինքնիշխանությունը կամ անվտանգությունն իր ռազմավարական նշանակություն ունեցող հարավային սահմանային գոտում»,- գրում է դե Վաալը՝ հիշեցնելով, որ անվտանգության հարցում Ադրբեջանը պնդում է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահները պետք է հսկեն երկաթուղային և ճանապարհային կապը:
Դե Վաալը նաև նշում է, որ Ալիևը Էրդողանի և Պուտինի հետ ունի շատ անձնական կապեր, ինչպես լինում է այն տղամարդկանց միջև, ովքեր խոսում են իշխանության և փողի նույն «մաչոյական» լեզվով:
Թոմաս դե Վաալը նշում է, որ Բրյուսելում և Վաշինգտոնում Արևմուտքի կողմից աջակցվող բանակցային ուղիները դադարեցվել են անցյալ ամառվանից: Մնացել է միայն երկկողմ գործընթաց՝ Հայաստանի և Ադրբեջանի ազգային անվտանգության ներկայացուցիչների գլխավորությամբ, որոնք աշխատում է խաղաղության համաձայնագրի տեքստի վրա։ Ըստ նրա՝ առանց միջնորդների՝ խաղաղության երկկողմանի գործընթացն այն առավելությունն ունի, որ ոչ մի օտար օրակարգ չի կարող խոչընդոտել գործարքին: Բայց հայկական կողմը նաև մտավախություն ունի, որ ասիմետրիկ իրավիճակում Բաքուն կարող է օգտագործել այն իր օրակարգը պարտադրելու համար, պահանջելով զիջումներ՝ միաժամանակ սպառնալով ուժ կիրառել։
Խոսելով բանակցություններում առկա 3 հիմնական խնդիրների մասին՝ վերլուծաբանը գրում է, որ Արևմուտքը ռազմավարական խիստ շահագրգռվածություն ունի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում։
«Ինչ վերաբերում է անվտանգությանը՝ Ադրբեջանը պնդում է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահները պետք է հսկեն երկաթուղային և ճանապարհային կապը: Իր հերթին հայկական կողմն աշխատում է ազատվել ռուսական ազդեցությունից, այդ թվում՝ Խորհրդային Միության փլուզումից հետո այնտեղ տեղակայված սահմանապահներից։
Հայաստանում մտավախությունն այն է, որ այստեղ Բաքվի և Մոսկվայի միջև կա գործարք, որին Անկարան հանգիստ համաձայնել է։ Սա հաստատող առնվազն անուղղակի ապացույցներ կան: Ռուսների համար տարանցիկ ճանապարհի վերահսկումը մեծ հաջողություն կլիներ։ Նրանց պաշտոնապես կհանձնվի երկաթուղու մի հատվածի վերահսկողությունը, որը կապում է Ռուսաստանը և Իրանը, և երթուղիները դեպի Պարսից ծոց տասնամյակների ընթացքում առաջին անգամ: Սա կլինի հյուսիս-հարավ երկաթուղային հիմնական երթուղին Ռուսաստանի համար՝ վերականգնելու իր կապերը Մերձավոր Արևելքի հետ, քանի որ Ուկրաինայի հետ պատերազմը և Արևմուտքի հետ հակասությունները ձգվում են դեպի ապագա: Մտահոգիչ սցենարն այն է, որ խաղաղության պայմանագիր չի կնքվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի ստացել այն, ինչ ուզում է հարավային Հայաստանում։ Այլ կերպ ասած, 2024 թվականին Հայաստանը, ամենայն հավանականությամբ, ինչպես Բաքվի, այնպես էլ Մոսկվայի կողմից տարբեր մեթոդների կիրառման շնորհիվ կենթարկվի ճնշումների՝ միանալու «Զանգեզուրի միջանցքի» պլանին, որը ձեռնտու չէ ոչ Երևանին, ոչ էլ արևմտյան ուժերին:
Այդ պատճառով է նաև, որ դեպքերին, ինչպիսին Ներքին Հանդի մոտ տեղի ունեցածն է, պետք է ուշադիր հետևել: Նման փոքր բախումներից կարող է բխել նոր հակամարտություն և ճակատագրական հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար»,- գրում է նա։
Կարծիքներ