Радио Sputnik և «Տոսպա» ընկերությունները հայտարարել են, որ բռնության կոչեր պարունակող հաղորդումներն այլևս չեն հեռարձակվի

Радио Sputnik և «Տոսպա» ընկերությունները հայտարարել են, որ բռնության կոչեր պարունակող հաղորդումներն այլևս չեն հեռարձակվի

Радио Sputnik ընկերության գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկին ափսոսանք է հայտնել, որ 2023-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին «Սպուտնիկ Արմենիա» ռադիոընկերության եթերում «հնչել են արմատական կտրուկ արտահայտություններ, որոնք ակնհայտորեն հակասում են Радио Sputnik–ի խմբագրական քաղաքականությանը»։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության Հեռուստաընկերության և ռադիոյի հանձնաժողովի մամուլի ծառայությունից, ընդգծելով, որ Радио Sputnik-ի խմբագրի նամակի առիթը ՀՌՀ-ի 2023-ի դեկտեմբերի 20-ի որոշումն էր, որով հանձնաժողովը վարչական վարույթներ հարուցեց և 30 օրով կասեցրեց Երևանում «Սպուտնիկ Արմենիա»–ի 106.0 հաճախականությամբ վերահեռարձակվող «Տոսպա» ընկերության լիցենզիան։

ՀՌՀ-ի որոշման հիմքում «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման բովանդակությունն էր, որտեղ ըստ ՀՌՀ եզրակացության՝ օտարերկրացի հեղինակը թույլ է տվել Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների ու ղեկավարության պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող և հեգնող արտահայտություններ, հրահրել է թշնամանք, հանդես եկել բռնություն պարունակող կոչերով ու խախտել մատուցվող լսողական ծառայությունների էթիկական նորմերը:

Մեկ այլ որոշմամբ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Տոսպա» ընկերությանը տուգանել է 500 հազար դրամով հիմք ընդունելով «Աբովյան Թայմ» հաղորդման ժամանակ հնչեցված բովանդակությունը։ Այստեղ հանձնաժողովը տեսել է պնդումներ, որոնք խուճապ են տարածում, հիմնված չեն ստուգված և հավաստի աղբյուրների վրա։

Радио Sputnik–ի գլխավոր խմբագիրն իր հայտարարությունում ասել է, որ իրենց առաքելությունն է արտասահմանյան լսարանին ներկայացնել Ռուսաստանի՝ «որպես ուժեղ և բարեկամ պետության արդար կերպարը, որն ունի բարի մտադրություններ»։ Նրա կարծիքով՝ դա հատկապես կարևոր է ՌԴ-ում ապրող հայերի համար, «որոնց համար Հայաստանը փոքր հայրենիք է, իսկ նրա մեդիա տարածքը՝ ամենօրյա հետաքրքրության առարկա»։

Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան այդ մեդիան հեռարձակելու լիցենզիա ստացած «Տոսպա» ռադիոընկերությունը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ վստահեցնելով, որ ձեռնարկել է քայլեր վարչական վարույթներում նշված խնդիրներն անմիջապես շտկելու համար: Օրինակ, «Ուրբաթ Տիգրան Քեոսոյանի հետ» և «Աբովյան թայմ» հաղորդումներն այլևս եթերում չեն լինի։

«Տոսպա» ռադիոընկերության խմբագրությունը չի կիսում և դատապարտում է «Ուրբաթը՝ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման շրջանակներում հեղինակի կողմից արված վիրավորական բնույթի արտահայտությունները և ափսոսում է ՀՌՀ կողմից նման խիստ որոշումների համար»,- ասված է հայտարարությունում:

Радио Sputnik–ի գլխավոր խմբագիրը վստահություն է հայտնել, որ «նյարդայնացնող

այն տհաճությունը», որն առաջացել էր եթերում հնչած արմատական արտահայտությունների պատճառով, կսպառվի:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վստահեցնում է, որ հատուկ ուշադրության կենտրոնում կպահի այլ պետությունների պատրաստած և ՀՀ ինքնիշխան տարածքում վերահեռարձակվող տեսալսողական մեդիա արտադրանքի բովանդակությունը։

ՀՌՀ–ն հեռարձակողների ազատությունն ու անկախությունը երաշխավորող կառույց է, որն ուղղորդվում է բացառապես Հայաստանի ազգային շահերով և ժողովրդավարության սկզբունքներով ու նպատակ ունի ոչ թե տհաճ միջադեպեր ստեղծել, այլ պաշտպանել անաչառ, բազմազան, ոչ կողմնակալ ու զերծ քարոզչական ուղղվածությունից մեդիա բովանդակության ներկայությունը մեր տեղեկատվական տիրույթում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում