Հայրենիքի պաշտպանությանը մասնակցողների աշխատատեղը կպահպանվի

Հայրենիքի պաշտպանությանը մասնակցողների աշխատատեղը կպահպանվի

Զորակոչված եւ կամավորական սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցող քաղաքացիների աշխատատեղերը կպահպանվեն, այդ ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

«Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում» կատարվել են լրացումներ եւ փոփոխություններ, որոնցով զորահավաքային զինվորական ծառայության անցած, ինչպես նաեւ՝ որպես կամավորական մարտական գործողություններին մասնակցող, աշխատողների համար սահմանվել են հետեւյալ երաշխիքները՝

• պահպանվելու է իրենց աշխատատեղը,

• այդ ժամանակահատվածը ներառվելու է իրենց աշխատանքային ստաժում,

• այդ ժամանակահատվածի համար իրենց համար կուտակվելու է ամենամյա արձակուրդի օրեր,

• բացի պետական բյուջեից տրվող վարձատրության, կողմերի համաձայնությամբ, կարող են վարձատրվել նաեւ գործատուի կողմից

• միջին աշխատավարձի չափի հաշվարկի վրա չի ազդելու գործատուի կողմից տրվող վարձարտրության չափը,

• վերը նշված երաշխիքներն ունենալու են հետադարձ ուժ՝ սկսած Հայաստանի Հանրապետություն ռազմական դրություն հայտարարելու օրվանից։

Միաժամանակ, պետական հատվածի՝ ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ պայմանավորված, իրենց աշխատանքներն անխափան իրականացնելու նպատակով, սահմանվել են, որ ռազմական դրության ժամանակահատվածում՝

• աշխատանքի վայրի փոփոխությունը չի համարվելու աշխատողի համար աշխատանքի էական պայմանի փոփոխություն,

• աշխատանքի վայրի փոփոխություն դեպքում աշխատողը նախապես չի ծանուցվելու,

• ամենամյա արձակուրդի մեջ գտնվող աշխատողին արձակուրդից հետ կանչելիս աշխատողի համաձայնությունը չի պահանջվելու,

• արտաժամյա, գիշերային եւ աշխատանքային ժամանակացույցով չնախատեսված՝ հանգստյան ու օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերին, կատարված աշխատանքի համար աշխատողին չի վճարվելու հավելում։

Օրենքով հստակեցվել են նաեւ, թե զորահավաքային զինվորական ծառայության անցած, ինչպես նաեւ՝ որպես կամավորական մարտական գործողություններին մասնակցող աշխատողները ինչպիսի փաստաթղթերի ներկայացման դեպքում են կարող ազատվել աշխատանքային պարտականությունների կատարումից»,- ասվում է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում