Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Շվեդիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի

Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Շվեդիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը hոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին։

«Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-շվեդական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան` ընդգծելով տարբեր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը»,-  հայտնում են ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել շվեդական կողմին՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցության առնչությամբ, ինչը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը։ Կարևորվել է նաև Հայաստանի և Շվեդիայի միջև զարգացման համագործակցության ամրապնդումը և Շվեդական զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագրերը:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի՝ Արարատ Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում նախարար Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում