««Մշակութային ժառանգության ասիական դաշինքը» լրացուցիչ հնարավորություն է». Արթուր Մարտիրոսյան
ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հայտնել է՝ կանոնադրությունն ուժի մեջ է մտել 2023 թվականի ապրիլի 25-ին, ներկա պահին այն ընդունել է 14 պետություն, բայց գործընթացը շարունակական է: Կանոնադրության վավերացման դեպքում Հայաստանը որևէ ֆինանսական կամ գույքային պարտավորություններ չի ստանձնում:
Մշակութային ժառանգության ասիական դաշինքը (ՄԺԱԴ) նախաձեռնվել է ՉԺՀ կողմից և վերաբերում է ասիական տարածաշրջանի երկրներին: Այն ստեղծվել է 2021 թվականին, 10 պետությունների շարքում մեր երկիրը ևս կառույցի հիմնադիր անդամ է: Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ՄԺԱԴ-ը կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի և շահի սկզբունքների հիման վրա ասիական երկրների կողմից ստեղծված միջկառավարական համագործակցություն է, որն ուղղված է մշակութային ժառանգության պահպանությանը: Նպատակն է զարգացնել մշակութային ժառանգության պահպանության և օգտագործման կարողություններն ու համակարգել մշակութային ժառանգության երկարաժամկետ պահպանությունն Ասիայում:
Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ նախաձեռնության ընդունումը լրացուցիչ հնարավորություն է հայկական մշակույթի հանրահռչակման, մշակութային ժառանգության պաշտպանության և մշակույթի ռազմավարությամբ ու պետական ռազմավարական այլ փաստաթղթերով ամրագրված նպատակները միջազգայնորեն առաջադրելու առումով:
«ՄԺԱԴ-ը տրամադրում է աջակցություն համատեղ նախագծերի իրականացմանը Ասիայում մշակութային ժառանգության պահպանության և կառավարման ոլորտներում: Այն ընդգրկում է հնագիտությունը, ժառանգության օբյեկտների պահպանությունը և վերականգնումը, միջթանգարանային փոխանակումը, համաշխարհային մշակութային ժառանգության անվանակարգումը, մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության փոխանցման կանխարգելումը, համաժողովների, ֆորումների և մշակութային ժառանգության ոլորտում այլ միջոցառումների համատեղ կազմակերպումը, մասնագիտական վերապատրաստման և կարողությունների զարգացմանն ուղղված համագործակցության խթանումը, փոխանակման ծրագրերը և այլն»,- ներկայացնելով դաշինքի գործունեությունը՝ նշել է Արթուր Մարտիրոսյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ կանոնադրության ընդունումը կարևորվում է նաև արտաքին քաղաքականության տեսանկյունից, քանի որ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը սահմանում է բազմակողմ ձևաչափերում Հայաստանի ներգրավվածության ընդլայնման և միջազգային համագործակցության խթանման անհրաժեշտությունը՝ նպատակաուղղված Հայաստանի կայուն զարգացմանը:
Հարակից զեկույցում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը կարևորել է այն փաստը, որ դաշինքի համար խորհրդատվական մարմին է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Նա անդրադարձել է նաև կառույցի գիտական խորհրդի առաջիկա գործունեության արդյունավետությանը: Նախագիծն արժանացել է նաև գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Կարծիքներ