Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. նիստին ներկա չէին դատախազները
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, քանի որ դատական նիստին ներկա չէր մեղադրող կողմը: Դատավոր Դանիբեկյանը նշեց, որ բոլոր պաշտպաններից դատարանը ստացել է միջնորդություններ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1 մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով քրեական գործով վարույթը կարճելու մասին:
«Քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը պետք է քննարկվեր այսօրվա դատական նիստում, սակայն հաշվի առնելով, որ դատական նիստին չեն ներկայացրել մեղադրողները, այսօրվա դատական նիստում դատարանը հնարավոր չի գտնում քննարկել այս հարցը:
Միևնույն ժամանակ, դատարանը գործի քննությունը հետաձգում է սեղմ ժամկետով: Հաջորդ դատական նիստին կանդրադառնանք նշված հարցի քննարկմանը: Հաշվի առնելով, որ պաշտպան Կարեն Մեժլումյանը Հայաստանի Հանրապետությունից բացակայելու է ապրիլի 3-ից, հաջորդ դատական նիստը դատարանը կնշանակի ապրիլի 2-ին ժամը 13:00-ին»,- ասաց Դանիբեկյանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը մարտի 30-ին մեկնարկած նիստում միջնորդել էր հետաձգել դատական նիստը՝ նշելով. «Մարտի 29-ի երեկոյան հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով դատական ակտը: Նկատի ունենալով, որ առկա է նշված որոշման հիման վրա դատարանի կողմից կիրառման ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմի սահմանադրության համապատասխանության խնդիր և այդ կապակցությամբ դատարան ներկայացնելու համար նախապատրաստվում է ծավալուն միջնորդություն, որը մինչև դատական նիստը կազմել հնարավոր չէ, խնդրում եմ նշանակված դատական նիստը հետաձգել և նշանակել ըստ նախապես որոշված ժամանակացույցի 2021 ապրիլի 6-ին»:
Կարծիքներ