Չարենցավանի համայնքապետը նախորդ երկու տարիների ընթացքում որևէ սուբվենցիոն ծրագրի համար չի դիմել. համայնքում սուբվենցիոն որևէ ծրագիր չի իրականացվել

Չարենցավանի համայնքապետը նախորդ երկու տարիների ընթացքում որևէ սուբվենցիոն ծրագրի համար չի դիմել. համայնքում սուբվենցիոն որևէ ծրագիր չի իրականացվել

2016 թվականից ներդրվեցին սուբվենցիոն ծրագրերը։ Այն դրամական օգնություն է, որը տրամադրվում է վերադաս մարմինների կողմից որպես նպատակային անհատույց ֆինանսավորում որոշակի միջոցառումների իրականացման համար։ Այլ կերպ ասած՝ կառավարություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիր է։ Համայնքները իրենց կարիքներից ելնելով հայտեր են ներկայացնում կառավարությանը և պատրաստակամություն հայտնում ավագանու կողմից հաստատված ծրագրերի կատարման մեջ ներդրում անել։ Այս մասին գրում է civic.am֊ը։

Գումարի մի մասը ներդնում է համայնքն իր բյուջեից, մյուս մասը լրացնում է կառավարությունը՝ պետական բյուջեից։ Չնայած սուբվենցիոն ծրագրերը ներդրվեցին 2016-ից, սակայն լայն թափով սկսեցին իրականացվել 2018 թվականից։ Հանրապետության գրեթե բոլոր համայնքները ակտիվ կերպով մասնակցում են այս ծրագրին և կապիտալ ծրագրեր իրականացնում։ Սա նպաստում է նաև համայնքների համաչափ զարգացմանը, ինչը կառավարության առաջնահերթություններից է։ Որոշ համայնքներ, սակայն, ոչ այնքան ակտիվ կերպով են մասնակցում սուբվենցիոն ծրագրերին, որոշները հակառակը՝ լայն թափով մասնակցում են այս ծրագրին՝ բարեկարգվում են համայնքային այգիներ, պուրակներ, փողոցներ, մշակույթի տներ, անցկացնում են լուսավորության, ոռոգման, խմելու ջրի ցանցեր և այլն։  

Չարենցավան խոշորացված համայնքը, սակայն, այն համայնքներից է, որը չի դիմել կառավարությանը՝ սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու համար։ Նախորդ և այս տարվա ընթացքում՝ 2021 և 2022 թվականներին, սուբվենցիոն ոչ մի ծրագիր համայնքում չի իրականացվել։ 2023 թվականի համար նախատեսված է իրականացնել 134 մլն դրամի սուբվենցիոն ծրագիր։ Համեմատության համար նշենք, որ Աբովյանում, օրինակ, 2021 թվականին ավելի քան 864 մլն դրամի ծրագիր է իրականացվել, 2022-ին՝ 1 մլրդ 649 մլն-ի, 2023-ի համար նախատեսված է 1 մլրդ 645 մլն դրամի ծրագիր։ Եվ բնավ այնպես չէ, որ Չարենցավանը չունի այդ ծրագրերի կարիքը։ Խոշորացված համայնքում, որը ներառում է Չարենցավան քաղաքն ու Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս, Ֆանտան բնակավայրերը, բազմաթիվ խնդիրներ կան կուտակված, որոնք առաջնային լուծման կարիք ունեն։ Համայնքապետարանը, սակայն, չի օգտվել ընձեռված հնարավորությունից՝ բարեկարգելու համայնքը, լուծելու առաջնային նշանակության խնդիրները։

Չարենցավանը 15 տարի ղեկավարած Հակոբ Շահգալդյանը, ով այժմ էլ հանդիսանում է Չարենցավանի համայնքապետը, միայն այս տարի է իմացել, որ կարող է և պետք է դիմել կառավարությանը, մասնակցել սուբվենցիոն ծրագրերին, աշխատանքներ իրականացնել համայնքում, այն էլ երևի միայն այն պատճառով, որ այս տարի Չարենցավանում ՏԻՄ ընտրություններ են սպասվում, իսկ երբեմնի հանրապետական թեկնածու Շահգալդյանը առաջադրվել է այս անգամ արդեն «Միասնական համայնք» ոչինչ չասող, նորաստեղծ դաշինքով։

Շահգալդյանը, չնայած իր անուշադրությանը, սուբվենցիոն ծրագրերին չմասնակցելուն, ուշադիր է այն ժամանակ, երբ գործը հասնում է սեփական գրպանին։ Համայնքի համար գործ չարած Շահգալդյանը 2021 թվականի մայիսի դրությամբ 18 անշարժ գույք է հայտարարագրել՝ Կոտայքի մարզում և Երևանում, նաև՝ 22 մլն 500 հազար դրամի բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ։ Բացի դրանից, Շահգալդյանը հայտարարագրել է 16 մլն դրամ կանխիկ գումար, որի ծագման աղբյուրը պաշտպանված է։ Հակոբ Շահգալդյանի, նրա ընտանիքի անչափահաս անդամների և խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց եկամուտները միասին վերցրած կազմել են շուրջ 19 մլն դրամ։ Հակոբ Շահգալդյանը նաև 50 տոկոս բաժնեմաս ունի «Արկոմպոզիտ» և «Կարկոր» ՍՊԸ-ներում, 20,8 տոկոս՝ «Արմավտո» ԲԲԸ-ում, և հանդիսանում է «Հակոբ Շահգալդյան» ՍՊԸ 100 տոկոս բաժնետեր։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում