2,7 մլրդ դրամ կուղղվի Կոտայքի մարզին

 2,7 մլրդ դրամ  կուղղվի Կոտայքի մարզին

Կառավարության 2020 թվականի սուբվենցիայի շրջանակներում շուրջ 2,7 մլրդ դրամ կուղղվի Կոտայքի մարզի համայնքներում ճանապարհաշինական 35 ծրագրերի իրականացմանը: Այս մասին հայտնում են Կոտայքի  մարզպետարանից:

Այս տարի պետական բյուջեի աջակցությամբ Կոտայքի մարզում աննախադեպ թվով՝ 104 սուբվենցիոն ծրագրեր են իրականացվելու:

Այս պահի դրությամբ Կոտայքի մարզից կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացված 104 ծրագրային հայտերից արդեն հաստատվել են շուրջ 60-ը, մյուսները կքննարկվեն առաջիկա օրերին:

Իհարկե, նաև հանրային հաշվետվողականության տեսանկյունից Կոտայքի մարզպետն անհրաժեշտ է համարում մեր հայրենակիցներին և, մասնավորապես, կոտայքցիներին ներկայացնելու ծրագրերի այն ահռելի քանակը, որն ուղղվելու է մեր համայնքներում կենսական, տնտեսական, սոցիալական կարևորության խնդիրների արագ և արդյունավետ լուծմանն ու ամենակարճ ժամկետներում մարզի բացառապես բոլոր բնակավայրերում կյանքի որակի փոփոխությանը:

Թերևս, ցանկը սկսենք ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆ ոլորտից՝ ընդգծելով, որ շուրջ 2,7 մլրդ ՀՀ դրամ ուղղվելու է մարզի մի քանի տասնյակ համայնքներում շուրջ 35 սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսված ճանապարհների, փողոցների և բակերի նորոգմանը, ասֆալտապատմանն ու վերանորոգմանը:

Հրազդան համայնքում արդեն հաստատված 3 սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատվելու են մարզկենտրոնի ներհամայնքային ճանապարհներ Կենտրոն, Միկրոշրջան, Հարավային, Ջրառատ թաղամասերում՝ շուրջ 278.075.846 դրամ արժողությամբ
Աբովյանում հաստատված 2 ծրագրերի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու են քաղաքի գլխավոր ճանապարհները՝ Հատիսի և Հանրապետության պողոտաները՝ 654.627.050 դրամ արժողությամբ
Ծաղկաձոր համայնքում սուբվենցիոն 4 ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվելու են ներհամայնքային ճանապարհներ, կապիտալ վերանորոգվելու են որոշ փողոցների մայթեր, կառուցվելու են հենապատեր՝ 286.855.960 դրամ արժողությամբ:

Եվս 26 սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվելու և բարեկարգվելու են Եղվարդ, Բյուրեղավան, Ակունք, Լեռնանիստ, Սոլակ, Մեղրաձոր, Առինջ, Գողթ (դպրոց տանող ճանապարհ), Բալահովիտ, Արզնի, Կամարիս, Գեղարդ, Թեղենիք, Նոր Արտամետ, Գետամեջ, Նոր Երզնկա, Նոր Գեղի, Պռոշյան, Քանաքեռավան, Քարաշամբ համայնքների և Բուժական Կապուտան, Կոտայք, Մարմարիկ բնակավայրերի համայնքային ճանապարհները:

Առաջիկայում մարզի գրեթե բոլոր բնակավայրերում ճանապարհաշինական եռուն շրջանը կմեկնարկի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում