Երևանում մեկնարկեց հայ-գերմանական հետազոտական համագործակցության ձեռքբերումների ու հեռանկարների վերաբերյալ համաժողովը
Երևանի պետական համալսարանում հունիսի 27-ին տեղի ունեցավ «Հայաստան-Գերմանիա գիտության օր» խորագրով երկօրյա համաժողովի բացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության համատեղ նախաձեռնությամբ՝ վերջին տարիներին գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հիմնական ձեռքբերումները, քննարկելու հետազոտությունների, տեխնոլոգիաների ու նորարարությունների ոլորտներում երկկողմ համագործակցային կապերի խորացման և ընդլայնման հնարավորություններն ամփոփելու նպատակով:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ողջունելով ներկաներին, նշեց, որ հետազոտությունների և զարգացման ոլորտում Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը հիմնված է երկու երկրների կրթական գերատեսչությունների միջև 2011 թվականին ստորագրված հուշագրի հիման վրա։
«Մեր համագործակցության մեջ ընդգրկված են երկկողմ հետարքրքություն ներկայացնող թեմաներ, որոնցից են տեղեկատվական տեխնոլոգիաները, կայուն գյուղատնտեսությունը, ռիսկերի կառավարումը, ինչպես նաև թեմաներ, որոնք վերաբերում են եվրոպական «կանաչ» համաձայնագրերին։ Մենք նպատակադրված ենք խթանելու Հայաստանի մասնակցությունը եվրոպական ծրագրերին»,-ասաց Հայոցյանը։
Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպը, դեսպանատան անունից ջերմորեն ողջունելով ներկաներին, համոզմունք հայտնեց, որ վերջին 2 տարիներին Գերմանիան սկսել է ավելի ակտիվ աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ քան դրանից առաջ։
«Տեսնում եմ, որ Հայաստանը շարժվում է դեպի բարձր չափանիշներ, դեպի եվրոպական չափանիշներ։ Հայաստանն առաջ է շարժվում քաղաքական, անվտանգային, գիտության դիվերսիֆիկացման ճանապարհով։ Մենք ցանկանում ենք լինել Հայաստանի գործընկերը»,-հավաստիացրեց փոխդեսպանը։
Միջոցառումը ողջունեցին ու կարևորեցին նաև Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության` Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության գծով վարչության պետ Ֆլորիան Ֆրանկը և ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը։
Քննարկումներին մասնակցում են Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության պատվիրակության հետ Հայաստան են ժամանել նաև ԳԴՀ-ում գործող մի շարք անվանի գիտական կազմակերպությունների և Հետազոտությունների գերմանական հիմնադրամի, Հելմհոլց և Լայբնիցի ասոցիացիաներ, Ալեքսանդր ֆոն Հումբոլդտ հիմնադրամի, Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային ընկերության ներկայացուցիչներ:
Նախատեսվում են քննարկումներ հետազոտությունների ու նորարարությունների զարգացման ՀՀ գերակայությունները, Գերմանիան՝ որպես հետազոտությունների ու նորարարությունների ոլորտում միջազգային գործընկեր, գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցում, նորարարություններ, ֆինանսավորման հնարավորությունների թեմաներով:
Կարծիքներ