Կոտրել են քանդակի մատները, վնասել աչքերը. Թուխ Մանուկ եկեղեցու բակում տեղադրված Քրիստոսի արձանը վանդալիզմի է ենթարկվել
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի Թուխ Մանուկ եկեղեցու բակում տեղադրված Հիսուսի Քրիստոսի արձանը ենթարկվել է վանդալիզմի: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրուցում հաստատեց Հրազդան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Մայիս Պողոսյանը:
Նրա խոսքով՝ Ջրառատի «Մամաներ» կոչվող նոր թաղամասում 2003 թվականին ջրառատցի բարեգործի ֆինանսավորմամբ կառուցվել է Թուխ Մանուկ եկեղեցին: Այդ ժամանակ էլ եկեղեցու բակում Հիսուս Քրիստոսի պատկերով խաչքար է տեղադրվել: «Կառուցողի հարազատներն են եկեղեցի գնալիս նկատել, որ խաչքարը վանդալիզմի է ենթարկվել, իրենք էլ անմիջապես դիմել են ոստիկանություն»,- ասաց Պողոսյանը:
Նա նաեւ հայտնեց, որ դիմել են ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանման համապատասխան բաժնի մասնագետներին, սակայն իրենց հայտնել են, որ քանդակն անգամ որպես կոթող գրանցված չէ:
«Բնականաբար, ինքներս էլ վատ գնահատական ենք տալիս կատարվածին: Մեր մշակույթի բաժնի ուշադրության կենտրոնում են լինելու մշակութային մյուս հատվածները, որպեսզի նմանատիպ երեւույթները բացառվեն»,- վստահեցրեց նա:
ՀՀ ոստիկանության լրատվականից էլ մեզ հայտնեցին, որ ապրիլի 21-ին՝ ժամը 11:19-ին, Հրազդանի բաժնում Կոտայքի թեմի առաջնորդարանի աշխատանքները համակարգողից հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, նկատել է, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի գերեզմանատանը գտնվող Սուրբ Թուխ Մանուկ եկեղեցու բակում տեղադրված Հիսուս Քրիստոսի քանդակով խաչքարը վնասված է՝ կոտրել են մատներն ու աչքերը:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարծիքներ