Վերադարձված ապօրինի դրամական միջոցները կդեպոնացվեն Կենտրոնական բանկում և տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին. Փաշինյան
Ապօրինի ծագման գույքի վերադարձի արդյունքում պետության ստացած դրամական միջոցները կպահվեն ավանդային հաշվին, իսկ դրանցից գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին։ Այս մասին ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին՝ վարչապետը նշել է, որ Կառավարությունն արդեն որոշել է, թե ինչպես է տնօրինելու վերադարձված դրամական միջոցները։
«Մենք այդ գումարները չենք ծախսի, այլ դրանցից գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ թեև ներկայում գումարը մեծ չէ, ժամանակի ընթացքում այն կավելանա՝ ապահովելով կենսաթոշակային համակարգին ուղղվող լրացուցիչ միջոցներ։
Վարչապետը հայտնել է, որ դեռ քննարկվում է վերադարձված անշարժ գույքի հետագա տնօրինման հարցը։
Նրա խոսքով՝ մեծ է հավանականությունը, որ անշարժ գույքի հնարավոր վաճառքից ստացված գումարները նույնպես կտեղադրվեն նույն հաշվին, իսկ դրանցից գոյացած տոկոսները կուղղվեն կենսաթոշակային ապահովմանը։


Կարծիքներ