Ընտրակաշառք բաժանողների ձեռքերն ու ոտքերը ջարդելու ենք՝ բառիս քաղաքական իմաստով. Փաշինյան

Ընտրակաշառք բաժանողների ձեռքերն ու ոտքերը ջարդելու ենք՝ բառիս քաղաքական իմաստով. Փաշինյան

«Ընտրակաշառք բաժանողների ձեռքերն ու ոտքերը ջարդելու ենք՝ բառիս քաղաքական իմաստով»։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում ընդդիմության չափանիշներին։

Վարչապետի խոսքով՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կրկին տարածվել է այն մտայնությունը, թե որոշ մարդիկ կարող են տիրապետել տասնյակ կամ հարյուրավոր ընտրողների ձայների։

«Հայաստանի Հանրապետությունում ամեն մարդ ունի մեկ ձայն։ Ով ունի մեկ ձայնից ավելի, ինքն իմ դասակարգային թշնամին է, և այդ մարդկանց ոչնչացնելն իմ քաղաքական հանձնառությունն է»,- հայտարարել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ նման երևույթների դեմ պայքարելու է ինչպես իրավապահ մարմինների, այնպես էլ քաղաքական գործիքների միջոցով։

«2018 թվականին եղել է ոչ բռնի, թավշյա, սիրո և համերաշխության հեղափոխություն։ Այս կատեգորիայի նկատմամբ լինելու է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն, որովհետև դրանք ջարդուփշուր ենք անելու՝ բառիս քաղաքական իմաստով»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը հավելել է, որ եթե նման մտածելակերպ ունեցող անձինք հայտնաբերվեն նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, նրանց նկատմամբ իր վերաբերմունքն ավելի խիստ է լինելու։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում