Միակողմանի խաղաղություն չի լինում, և հիմա այս խաղաղությունը, որ կա, միակողմանի չէ․ Վահագն Ալեքսանյան

Միակողմանի խաղաղություն չի լինում, և հիմա այս խաղաղությունը, որ կա, միակողմանի չէ․ Վահագն Ալեքսանյան

«Կոնֆլիկտը դեռ նոր-նոր է ավարտվել, ու բոլորի վերքերն ու սպիերն այս թեմայով դեռ շատ թարմ են, ու հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք կողմերից մեկի համար կարող են խնդրահարույց չլինել, բայց մյուս կողմն էլ կարող է հայելային պահանջ ունենալ։

Հիմա մեր խնդիրը նմանատիպ հայտարարություններին ըստ պատշաճի և բավականաչափ դիվանագիտորեն արձագանքելն է կամ չարձագանքելը»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից պարբերաբար հնչող տարատեսակ հայտարարություններին։

«Դա ևս դիվանագիտության մաս է շատ հաճախ, քանի որ դա միայն խոսքով չի պայմանավորվում։ Այնպես որ, կարծում եմ՝ նմանատիպ հարցերի հասցեագրումը, որպես այդպիսին, մեր ԱԳՄԱ նախարարությունն ըստ պատշաճի կատարում է, և չեմ կարծում, թե այստեղ շատ բան կա անելու, բայց նաև կարծում եմ, որ այդքան էլ խրախուսելի չէ նմանատիպ հայտարարություններից փորձել քաղել մաքսիմալ քաղաքական կոնտենտ»,- հայտարարել է Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ գործ ունենք երկու հասարակությունների հետ, որոնք ընդամենը շատ կարճ ժամանակ է, ինչ փակել են արյունալի կոնֆլիկտի էջը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի՝ խաղաղության օրակարգը վտանգող խոսույթին, նշեց՝ միակողմանի խաղաղություն չի լինում, և հիմա խաղաղությունը, որ կա, միակողմանի չէ։

«Դա երկկողմ է։ Փաստն այն է, որ սահմանի երկու կողմերից չեն կրակում։ Լինո՞ւմ են արդյոք հայտարարություններ, որոնք կարելի է մեկնաբանել որպես խաղաղության գործընթացի տորպեդահարում։ Լինում են, բայց ո՞րը պետք է լինի մեր արձագանքը, արդյոք պե՞տք է լինի այդ հայտարարություններին նույնական պատասխանելը։ Կարծում եմ՝ ոչ։ Դա ամենավատ բանն է, որ կարելի է անել։ Այլ, հակառակը, պետք է աշխատել հանգիստ, սառը ուղեղով և դիվանագիտորեն»,- ասել է ԱԺ փոխնախագահը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում